Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում միջադեպ է տեղի ունեցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի միջև: Լևոն Զուրաբյանը՝ խոսելով հանրահավաքների ազատության մասին օրինակ է բերել տարածված կարգախոսներից մեկը՝ «Սերժիկ, հեռացիր», ինչը դուր չի եկել Հովհաննես Սահակյանին: Վերջինս էլ պատասխանել է՝ ասելով. «Լյովիկ Զուրաբյանն ասում է…»:
Սակայն ՀՀԿ-ական պատգամավորի խոսքը կիսատ է մնացել, քանի որ Լևոն Զուրաբյանն ընդվզել է՝ պահանջելով իրեն այլևս «Լյովիկ»-ով չդիմել: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ միջամտել է՝ դիմելով Հովհաննես Սահակյանին. «Ինչո՞ւ ես այդպիսի բան անում, ճիշտ չես պահում քեզ, ես խնդրում եմ վիրավորանքներ թույլ չտալ: Ընկերական եմ ասում, մենք ոչ մեկին երբեք չենք վիրավորել, դուք էլ մեզ մի վիրավորեք»: Հովհաննես Սահակյանն էլ հակադարձեց, թե «որևէ բառ ասելու համար պետք է պատասխանատու լինել»՝ նկատի ունենալով Լ. Զուրաբյանի կողմից «Սերժիկ, հեռացիր» արտահայտությունը: «Սերժիկը պասպրտով է Սերժիկ, դա վիրավորանք չէ: Բոլոր փաստաթղթերում ինքը Սերժիկ ա»,- հակադարձեց Լ. Զուրաբյանը:
Նիստը վարող ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էլ փորձել է մեղմել լարված իրավիճակը՝ ասելով. «Լյովիկն էլ փաղաքշական է…»: