Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության նավն ու Սևծովյան նավատորմի հրթիռակիր մոտորանավակը Թուրքիայի դրոշի ներքո երթևեկող առևտրանավին հարկադրել են փոխել ուղղությունը՝ «Չեռնոմորնեֆտեգազի» տրանսպորտային քարավանի անվտանգ անցման համար: Այդ մասին նշված է ընկերության կայքում, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Դրանում նշված է, որ թուրքական նավը, խախտելով ծովում նավերի բախման զգուշացման միջազգային կանոնները և ծովային նավագնացության համընդհանուր նորմերը, չի զիջել ճանապարհը հանդիպակաց եկող քարավանին, փորձել է կանգնել նրա ճանապարհին, որով և վթարային վիճակ է ստեղծել:

 

Հաղորդվում է, որ թուրքական նավի նավապետը ռադիոշփում չի հաստատել ուղեկցող նավերի հետ՝ անտեսելով բոլոր կոչերը։ Ընկերությունը միջադեպը որակել է որպես թյուրիմացություն: «Չեռնոմորնեֆտեգազի» քարավանը միջազգային բարդ իրավիճակի պատճառով կատարել է հորատող սարքերի վերադասավորում:

 

Ավելի վաղ ռուսական ու թուրքական նավերի միջև միջադեպ է գրանցվել Էգեյան ծովում: