Նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը կատարեցին Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։
Միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրումը՝ ընդգծելով, որ Մարսելը առանձնահատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար։
«Հայերի ներկայությունը Մարսելում սկիզբ է առել դեռ վաղ միջնադարում։ Արևելքի և Արևմուտքի միջև արտոնյալ առևտուր իրականցնող հայ վաճառականները ակտիվ գործունեություն էին ծավալում այս քաղաքում»,-ասաց նախարար Նալբանդյանը։
«Մարսելը դարձավ առաջին ֆրանսիական քաղաքը, որը հյուրընկալեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի։ Նրանցից շատերը հաստատվեցին այստեղ, դարձան իրական մարսելցիներ և մինչ այսօր իրենց ներդրումն են բերում քաղաքի զարգացմանը։
Այսօր, Մարսելն իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով, հայ-ֆրանսիական առևտրա-արդյունաբերական պալատով, վկայում է հայերի ինտեգրման բարձր մակարդակի, միևնույն ժամանակ իրենց Հայրենիքի հետ կապվածության մասին։
Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Մարսելի մարզային, շրջանային և համայնքային իշխանություններին՝ մարսելահայերին շարունակական աջակցության և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար»:
Շնորհավորելով ներկաներին գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ այն՝ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ղեկավարությամբ, իր կարևոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում։
Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր խոսքում ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել Ֆրանսիայում բարեկամ Հայաստանի առաջին գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը, քանզի ինքը ամենաջերմ զգացմունքներն է տածում հայ ժողովրդի նկատմամբ և Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման ջատագովներից է։
Մարսելի քաղաքապետը գոհունակությամբ նշեց, որ հայերը զգալի ներդրում ունեն իր ղեկավարած քաղաքի զարգացման և բարգավաճման գործում, նաև յուրատեսակ կամուրջ են հանդիսանում Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդման համար։ Նա ընդգծեց, որ Մարսելը Երևանի հետ համագործակցում է կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և մի շարք այլ կարևոր ուղղություններով։ Ժան-Կլոդ Գոդենը վստահություն հայտնեց, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսության գործունեությունը էլ ավելի կխթանի հայ-ֆրանսիական բարեկամական փոխհարաբերությունների խորացումը։
Հյուպատոսության բացման արարողությունը, որն ուղիղ եթերով հեռարձակվում էր տեղական հեռուստատեսությամբ, լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից։