Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում ապրիլի 17-ին տեղի ունեցավ «Մեր տունը Վրաստանն է» համայնքային կազմակերպության և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության' բաթումահայ կարիքավոր ու բազմազավակ ընտանիքներին բարեգործական օգնություն տրամադրելու հերթական համատեղ ակցիան: Բաթումահայ 10 ընտանիքներ ստացան սննդի փաթեթներ:

 

Սա նմանօրինակ հերթական գործողությունն էր: Նախորդն անց էր կացվել մարտի 10-ին, երբ նույն ընտանիքներին բաժանվել էր ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից տրամադրված հագուստ:

 

Իր հակիրճ ելույթում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, շնորհավորելով բոլորին գալիք Զատիկի կապակցությամբ, հավաստիացրեց ներկաներին, որ նման օգնությունը պարբերաբար կտրամադրվի բոլոր կարիքավորներին, և որ թե՛ աջարահայ համայնքը, թե՛ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը երբեք չեն մոռանում օգնության կարիք ունեցող իրենց հայրենակիցներին: