Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ Սևանա լճում ժամը 18:00-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այս մասին հայտնում են ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12.55-ին տեղեկություն է ստացվել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1970 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.:
Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Ա. Վ. և Ն. Հ. չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ժամը 14.45-ից 17.45-ը ջրափրկարարները իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն անարդյունք: