2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված ու մեկ տարի իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում գտնվել է 1697 աճյուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։
Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին եւ բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։
Աշխատանքները տեղում համակարգել են ԱԻ ծառայության նախկին տնօրեն (այժմ' ՆԳ նախարար) գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և տեղակալ (այժմ ԱԻՊԾ տնօրեն) գնդապետ Մեխակ Արզումանյանը:
Կարեն Սարգսյանը 2 կողմի համար կարևորել է այդ աշխատանքը, նշել, որ ծառայությունը պատրաստ է ցանկացած բարդ առաջադրանքի։
Անցած մեկ տարվա ընթացքում իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում' հաստատվել է 1697 աճյուն։
Որոնողական աշխանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են»,- գրել է Թադևոսյանը: