Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունեցել համայնքային ծառայողի կրտսեր մասնագետների թափուր պաշտոնների համար հայտարարված հերթական մրցույթը, որը լրագրողներին ապշեցրել է մասնակիցների աննախադեպ թվով. 10 տեղի համար պայքարել են ուղիղ 150 հոգի: Այսինքն՝ միջինը մեկ տեղի համար 10 հոգի են մրցել: Սա, ի դեպ, փայլուն ապացույցն է Գյումրիում առկա գործազրկության մակարդակի:

 

Բարձրագույն կրթությամբ երիտասարդները այնպիսի մի անճար վիճակում են հայտնվել, որ ամեն գնով պատրաստ են քաղաքապետարանում աշխատանքի տեղավորվել, թեկուզև ցածր աշխատավարձով' 60-70 հազար դրամով, որը անգամ որպես ջեբի փող չի բավարարի: Մասնակիցների թիվն այնքան մեծ էր, որ մրցութային հանձնաժողովները ժամերով ընթերցում ու հա ընթերցում էին մասնակիցների անուն-ազգանունները:

 

Ինչո՞վ է պայմանավորված նման մրցակցությունը, Aravot.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի հետ: «Բուհերի շատ լինելու պատճառով շատ են դիպլոմներ ունեցողները, դա փաստ է, ամբողջ Հայաստանում է այդպես, բացի այդ, քանի որ կրտսեր պաշտոնների համար մասնագիտական աշխատանքային ստաժը պարտադիր չէ, դա մեկ, մյուսն էլ' կա վստահություն քաղաքապետարանի կողմից կազմակերպվող քննությունների անաչառության նկատմամբ:

 

Դիմորդների քանակը բավական բարձր է, միջինը մեկ տեղի համար պայքարում էին 10 հոգի, ամենաբարձր մրցակցությունը արտաքին հարաբերությունների, տուրիզմի և արարողակարգի բաժնի թափուր աշխատատեղերի համար էր, մասնակցում էին նաև այլ' պետեկամուտների, կրթության բաժինների թափուր տեղերի համար: Ինչպես միշտ, մրցույթը թափանցիկ անցկացվեց' լրատվամիջոցների ներկայությամբ, այս պահին ընթանում է մրցույթի բանավոր փուլը, գրավորն ավարտվել է », -ասաց Զոհրապ Եգանյանը:

 

Թե 10 հոգուց ո՞ր մեկը'ո՞ւմ ծանոթ-բարեկամը կամ, միգուցե ծանոթ չունեցող ու արժանի կադրը կանցնի իր նախընտրած աշխատանքին, կերևա առաջիկայում: Գյումրին փոքր քաղաք է, որտեղ այս հարցերը անմիջապես հրապարակայնացնում են ու խոսում: