Այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենար արտահերթ նիստ՝ կուտակային կենսաթոշակին վերաբերող օրենսդրական փաթերթը քննարկելու եւ գործընթացը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ: Սակայն քվորում չապահովելու պատճառով այն ձախողվեց: Հիշեցնենք, որ արտահերթ նիստի նախաձեռնությունը պատկանում էր ԱԺ ընդդիմադիր և ԲՀԿ պատգամավորներին, ովքեր այսօր հանդես եկան հայտարարությամբ:

 

ԱԺ ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները մեկ մարդու պես չներակայացան նիստին՝ բացի ԱԺ նախագահությունից: Չնայած դրան՝ ՀՀԿ որոշ պատգամավորներ արտահերթ նիստից հետո ակտիվ անցուդարձի մեջ էին ԱԺ միջանցքներում: Ավելին՝ ՀՀԿ պատգամավորներից մեկը շտապում էր ճաշարան:

 

Այսօր ԱԺ նիստերի դահլիճի մոտ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Ազգային ժողովում այս օրենքը բուռն քննարկվել է, ընդունվել, և ըստ նրա՝ «բնականաբար, կլինեն նաև դժգոհ մարդիկ»: Ինքն, օրինակ, անձամբ կողմ է քվեարկել այդ օրենքի նախագծին: «Պետք չէ իրենց կարծիքը փաթաթել ուրիշ պատգամավորների վզին, մենք էլ մեր կարծիքը կարող ենք փաթաթել, բայց չենք փաթաթում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

 

ԱԺ 4 խմբակցության ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք, թե արդյոք կանխատեսելի էր մեծամասնության նշյալ քայլն իրենց համար:

 

«Ինձ համար պետք է նորությո՞ւն լիներ ՀՀԿ-ի փոքրոգի, վախկոտ կեցվածքը, ինձ համար պետք է նորությո՞ւն լիներ, որ իրենք հասարակության հետ խոսելու որևէ փաստարկ չունեն, ինձ համար նորությո՞ւն պետք է լիներ, որ իրենք ընդհանրապես հասարակական կարծիքի վրա թքած ունեն, և նաև հասկանում են իրենց բոլոր փաստարկների սնանկությունը, ինձ համար պետք է նորությո՞ւն լիներ, որ իրենք ոչ մի վստահություն չունեն ժողովրդի, հասարակության մեջ: Ոչ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի համար ԱԺ մեծամասնության նման բոյկոտը կանխատեսելի էր: «Մեր որոշ գործընկերների համար կանխատեսելի չէր, բայց ես մի համոզմունք ունեի, որ այո, իրենք չեն գալու: Երբ երեկ իրենք չունեին համապատասխան ստորագրություններ արտահերթ նիստ գումարելու, որպեսզի ավարտվեր քննարկումը, նրանք դիմեցին ընդդիմության աջակցությանը: Ես անձամբ չստորագրեցի մի հիմնավորմամբ, որ այս մարդի «քցող» են: Ուզում եմ ասել, սա, իհարկե, իրենց վարքագիծն է: Բառի համար կներեք: Համարժեք բառ չեմ կարող գտնել»,- նշեց Զ. Փոստանջյանը:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց. «Իհարկե, կանխատեսելի էր, և սա առաջին դեպքը չէր: Եղել են նախադեպեր: Հիշեցնեմ նաև Ընտրական օրենսգրքի դեպքում իրենք ուղղակիորեն, առանց որևէ քաղաքական հիմնավորման, ձևակերպելով դա որպես քաղաքական բոյկոտ, և բացարձակապես հասկանալի չէր, թե քաղաքական բոյկոտն ինչի՞ն ՝ օրենքի նախագծի քննարկմա՞նը, տապալել էին նիստը: Բայց, կարծում եմ, եթե իրենք քաղաքականապես ավելի խոհեմ գտնվեին և եթե իրենք գտնում էին, որ իրենց փաստարկները հիմնավոր են, իրենց իսկ շահերից էր բխում ներկայանալ նիստին, ներկայացնել իրենց խիստ հիմնավոր փաստարկները: Փախուստը նիստից մի բանի մասին է վկայում, որ փաստարկները հիմնավոր չէին»:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար սպասելի չէր մեծամասնության նման քայլը: «Երեկ, մասնավորապես, 2014 թ. բյուջեի մասին քննարկման ժամանակ մենք ցուցաբերեցինք համերաշխություն, ընդառաջեցինք քաղաքական մեծամասնության խնդրանքին, որպեսզի արտահերթ նիստ գումարվի, և ավարտվի բյուջեի քննարկումը՝ մտածելով, որ սա համերաշխության ևս մի քայլ է, որպեսզի իրենք իրենց խոստացած քվորումն ապահովեն, բայց պարզվեց, որ իրենք անհանդուրժող են այս դաշտում: Մինչև առավոտ ժամը 12:00-ի չէի մտածում, որ կարող է նման բան լինել: Այնուամենայնիվ, ես գտնում էի, որ հրապարակային խոստումը գոնե այս մի անգամ, ընդ որում, իրենցից բան էլ չէր պահանջում, ընդամենը ֆիզիկական ներկայություն, դա էլ չապահովեցին: Անսպասելի էր, իսկապես, և ցավում եմ, որ իմ վերաբերմունքը փոխվում է դեպի ներկա քաղաքական մեծամասնությունն առնվազն այն կտրվածքով, որ մտածում էի, թե իրենց մոտ պատասխանատվությունը շատ բարձր է մեր երկրի ժողովրդի հանդեպ: Իսկ այս քայլը ցույց տվեց, որ իրենք անգամ իրենց զավակների ու թոռների մասին չեն մտածում՝ ընդհանուր խնդիրների լուծման համատեքստում»,- ասաց Ա. Մինասյանը:

 

«Նրանք ոչ միայն ցինիկ վարքագիծ են դրսևորում տվյալ պարագայում, այլ նաև ունեն իրենց մեջ վախ, որովհետև այս բանավեճը, որ պետք է ընթանա այս օրենքի հետ կապված, հրապարակավ ի ցույց էր դնելու, որ ոչ թե մի փոքր խավ է տուժելու այս օրենքի ընդունումից հետո, այլ մեծածավալ քաղաքացիներ՝ շուրջ 250.000-ից ավելի անձինք»,- ԱԺ քաղաքական մեծամասնության վերաբերմունքը դիտարկեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Թե ինչով է պայմանավորում կուտակային կենսաթոշակների բարեխումների փաթեթի ներդրումը մեր երկրում, պատգամավորը պատասխանեց. «Սա, կարծում եմ, Տիգրան սարգսյանի մտահղացումն էր: Այս մտահղացումը հանցավոր մտահղացում է: Տվյալ պարագայում մենք գիտակցում ենք, որ լրացուցիչ այս հարկատեսակի մտցնելը և այդ հարկատեսակի օգտագործումն այս անորոշ պայմաններում ունի մեկ նպատակ՝ ստեղծել մի կառույց պետության հովանավորության ներքո, և այդ կառույցով տեղի կունենա հարստացում մի քանի անձանց համար, որովհետև մենք չգիտենք՝ կուտակային այդ հիմնադրամի գումարներն ինչպես կարող են օգտագործվել, այսինքն՝ անվերահսկելի գործընթաց է սկսվում՝ այն էլ մտնելով մեր գրպանները»:

 

Ն. Զոհրաբյանի կարծիքով՝ հիշյալ օրենքում կան լրջագույն ռիսկեր, և իրենք ընդամենն առաջարկում էին հետաձգել օրենքի նախագիծը և հանրային դժգոհություն առաջացնող խնդիրների մասին կազմակերպել քննարկում:

 

Լ. Զուրաբյանն էլ նշեց, որ դա ցավոտ ռեֆորմ է, ինչը կարող են թույլ տալ ազնիվ կառավարությունները: «Հենց պրոբելմն էստեղ է: Օֆշորային Տիգրանների նկատմամբ, օլիգարխական այս կառավարության նկատմամբ ժողովուրդը ոչ մի վստահություն չունի, չունի նաև վստահություն իրենց կողմից ստեղծված և հովանավորվող կուտակային հիմնադրամների վերաբերյալ: Վստահության խնդիրն է այստեղ: Այս իշխանություննները նման խնդիր լուծել ոչ միայն չեն կարող, այլև իրավունք չունեն լուծել»,- նկատեց նա, ում խոսքով՝ այս բարեփոխումները ենթադրում են թալան: