Վրաստանի' արդեն նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նոյեմբերի 15-ին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ այս փուլում որոշել է զերծ մնալ ամենօրյա քաղաքական կյանքին մասնակցելուց:

 

Սաակաշվիլիի նախագահական լիազորությունների ժամկետը լրանում է նոյեմբերի 17-ին՝ նորընտրիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունից անմիջապես հետո:

 

«Ես, Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ, երեկ ավարտեցի վերջին խորհրդակցությունները Եվրամիության և Եվրախորհրդարանի առաջնորդների հետ: Զուգահեռաբար ես ուսումնասիրում եմ մի քանի առաջարկ արտասահմանյան առաջատար համալսարաններից՝ միջազգային գիտական կենտրոն ստեղծելու շուրջ: Այս փուլում ես պատրաստվում եմ դրանով զբաղվել և զերծ մնալ Վրաստանի ամենօրյա քաղաքական կյանքին մասնակցելուց»,-նշել է Սաակաշվիլին:

 

Չնայած դրան' նախագահի խոսքով' ինքը կաջակցի վրացի ժողովրդին, երբ դրա անհրաժեշտությունը լինի:

 

«Ես միշտ կլինեմ իմ ժողովրդի կողքին՝ ցանկացած պահի, երբ նման անհրաժեշտություն կտեսնեմ, և կծառայեմ իմ սիրելի հայրենիքին՝ Վրաստանին»,-գրել է Սաակաշվիլին: