Սույն թվականի նոյեմբերի 17-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կողմից համատեղ անցկացված նիստի ավարտին ընդունվել է հայտարարություն:
Վիճահարույց հայտարարությանը դեմ են արտահայտվել և դեմ քվեարկել միայն երկու ընդդիմադիր քաղաքական գործիչներ' «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը և ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վերը նշված հայտարարության այն դրույթի, համաձայն որի՝ կողմերը ողջունում են Մաքսային միությանը Հայաստանի միանալու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մտադրությունները մերժելի են:
Ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից նման հայտարարություններ ընդունելը ոչ միայն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը, անկախության ոգին և հայոց ամբողջականության ու միասնության գաղափարը, այլ նաև վկայում է ՀՀ ներկայացուցչական մարմնի' օտար շահերը հլու հնազանդ սպասարկելու պատրաստակամության մասին, և չի կարող ունենալ իրավազորություն, քանի որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, և ժողովուրդը նման լիազորություն չի տվել' հանդես գալու իր անունից:
Տարեսկզբին մի խումբ անձանց կողմից բռնակեղծիքներով Բաղրամյան 26-ում տեղակայված ու գործի դրված ծրագիրն իրականացնողները, որևէ իրավասություն չունենալով ներկայացնելու ՀՀ քաղաքացիներին, պատրաստակամություն են հայտնում մասնակցելու Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը առավել կոռումպացված և կատարելագործված օլիգարխիկ տնտեսական համակարգով բռնապետական ռեժիմների վերահսկողությանը հանձնելուն:
«Ժառանգություն» խմբակցությունը խստորեն դատապարտում է վերոնշյալ հայտարարության ընդունումը, ՀՀ բոլոր ներկայացուցչական մարմինների կողմից այլ երկրների շահերը մեր ազգային ու պետական շահերից վեր դասելը և կոչ է անում ընդդիմանալ ու խափանել Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված կործանարար հանձնառությունը:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն