Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ջրվեժում դանակահարություն էր տեղի ունեցել, որի արդյունքում 17-ամյա մի պատանի է մահացել։
«Նոյեմբերի 20-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ Բանավան թաղամասից բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Կարեն Մարգարյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.45-ի սահմաններում, Ջրվեժի Բանավան թաղամասում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով Կ. Մարգարյանին պատճառել է վնասվածք, ինչի հետևանքով նա վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կ. Մարգարյանին սուր կտրող-ծակող գործիքով կյանքից զրկել է 1995 թ. ծնված Ջոն Խ.-ն, որը նոյեմբերի 21-ին, ժամը 01.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին:
Ջոն Խ.-ն ձերբակալված է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»: