Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև համաձայնությունը` հետագայում բանակցություններ վարել և մոտակա ամիսներին դարձյալ հանդիպել, լավատեսություն է ներշնչում: Նման կարծիք է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ գերագույն հանձնակատարի մամուլի ծառայությունը, Էշթոնն իր հայտարարության մեջ ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված բարձրագույն մակարդակով բանակցությունների վերսկսումը:
«ԵՄ-ն պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ վստահության միջոցներ կառուցելու հետագա քայլերին»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են նոյեմբերի 19-ին Վիեննայում: Դա երկու տարվա ընդմիջումից հետո նրանց առաջին հանդիպումն էր: