Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը երեկ՝ նոյեմբերի 20-ին Փարիզում հանդիպել է ԿԱՐՊԱ-ի Ազգային միության նախագահ Ժան Շարլ Կրեբսին: Ողջունելով Հայաստանի պատվիրակությանը՝ Կրեբսը նշել է, որ Հայաստանում փաստաբանական ինստիտուտն ունի բոլոր նախադրյալները ինտեգրվելու եվրոպական փաստաբանական ընտանիքին: Արա Զոհրաբյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ և ֆրանսիացի փաստաբանների կապերը դեռևս չեն գտնվում բավարար մակարդակի վրա, սակայն առկա է մեծ ներուժ դրանք ակտիվորեն զարգացնելու համար:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանում ԿԱՌՊԱ փաստաբանական վճարումների համակարգի ներդրման կարևորությունը: Քննարկվել է նաև համակարգի համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի ստեղծման հնարավորությունները:
Արա Զոհրաբյանը նշել է,- «ԿԱՌՊԱ համակարգի ներդրումը Ֆրանսիայում բարեհաջող ստացվել է նաև այն պատճառով, որ գործարքները կատարվում են անկանխիկ՝ օրենքի ուժով, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի սահմանափակումներ չկան բացառությամբ տնտեսավարող սուբյեկտների դրամարկղային որոշ գործառնությունների։ Հետևաբար, անհրաժեշտ է, այնպիսի պայմանների ստեղծումը, որը գրավիչ կդարձնի ԿԱՌՊԱ համակարգը։ Օրինակ օրենքով կարելի է փաստաբանների պալատի դեպոզիտ վճարելը համարել պարտավորության կատարում, ինչպես, որ դա արվում է նոտարի կամ դատարանի դեպոզիտ վճարելով։ Դա լրացուցիչ միջոցներ փաստաբանների պալատ բերելու հնարավորություն կստեղծի, իսկ փաստաբաններն էլ հնարավորություն կունենան քրեական գործերով գրավները, ինչպես նաև քաղաքացիաիրավական գործարքներով վճարումները կատարել դեպոզիտ հաշվին՝ անվճար։»։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խնդրանքով Կրեբսը ներկայացրել է այն ճանապարհը, որը կիրառվել է Ֆրանսիայում ԿԱՌՊԱ-ի ներդրման առումով: Ֆրանսիացի փաստաբանները հայ գործընկերներին խոստացել են տրամադրել այն բոլոր անհարժեշտ փաստաթղթերը և տեխնիական լուծումները, որոնք կօգնեն հասնելու ցանկալի արդյունքի: Որպես օրինակ, ներկայացվել է նաև Մարոկկոյի փորձը, որտեղ ևս հաջողությամբ է ներդրվել այդ համակարգը:
Հանդիպման ընթացքում մեծապես կարևորվել է ԿԱՌՊԱ-ի միջազգային տարածման հարցը և այս համատեքստում կողմերը պայմանավորվել են, որ Հայաստանը կստանձնի Ռուսաստանում ԿԱՌՊԱ-ի դերի զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Փարիզի փաստաբանների պալատի նախագահ Քրիստիան Ֆերալ Շուլի հետ: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են ՀՀ փաստաբանների և Փարիզի փաստաբաների պալատների միջև համագործակցության մասին պայմանագիր:
Նոյեմբերի 20-ի երեկոյան Արա Զոհրաբյանը մասնակցել է Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական միության՝ AFAJA-ի տարեկան ճաշին, որտեղ հրավիրված են եղել Ֆրանսիայի փաստաբաններ և իրավաբաններ։ Ճաշի միջոցառման ժամանակ ներկայացվել է Փարիզի փաստաբան, ազգությամբ հայ Սևակ Թորոսյանի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության վերաբերյալ աշխատությունը։ Ճաշին ներկայացվել է նաև երկու ֆրանսիացիների Թուրքիայում բնակվող ծպտված հայերի մասին աշխատությունը։ Հեղինակները ներկա էին և իրենք են ներկայացրել իրենց աշխատությունը։
AFAJA-ի նախագահ Ալեքսանդր Գյույումջյանը ողջունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի այցը և կարևորել երկու պալատների միջև համագործակցության պայմանագրի ստորագրումը։
Հիշեցնենք, որ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակության այցի նպատակն է Փարիզի փաստաբանական միության հետ գործընկերության ամրապնդումն ու խորացումն է, որը կարող է հնարավորություն ընձեռել համագործակցություն ստեղծել Ֆրանսիայի, ինչպես նաև եվրոպական այլ երկրների փաստաբանական միությունների և միջազգային կազմակերպությունների համար:
Այցն իրականացվել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ: