Ադրբեջանի հատուկ ծառայությունները վնասազերծել են հանցավոր խմբավորման 2 անդամի, ովքեր նախապատրաստում էին պայթյուն իրականացնել երկրի մայրաքաղաք Բաքվի մզկիթներից մեկում. շաբաթ օրը գրում է ИТАР-ТАСС-ը' հղում կատարելով Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնին:
Հատուկ գործողությունների ըթնացքում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ Նարիման Միրզոևն ու Միրզահմեդ Ռուստամովը, որոնց մեղադրանք է ներկայացվել ահաբեկչություն նախապատրաստելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար:
Նշվում է, որ Միրզոևն ու Ռուստամովը հանդես են եկել կեղծանուններով և սոցկայքերում Ադրբեջանում շիաների դեմ ջիհադի կոչեր տարածել:
Խուզարկության արդյունքում ձերբակալվածների մոտից առգրավվել է մեծ քանակությամբ զենք և սպառազինություններ: