Ուկրաինական Сегодня.ua կայքի լրագրողը երկարածավալ հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցելության վերաբերյալ: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև (թարգմանությունը՝ Հասմիկ Մուրադյանի).

 

«Լեռնային Ղարաբաղը (Մեծ Հայքի պատմական 9-րդ գավառը, որը կրում է Արցախ անունը) Անդրկովկասում գտնվող լեռնային դժվարամատչելի շրջան է, որը ելք չունի դեպի ծով, ինչպես նաև զուրկ է նավթի, գազի և ոսկու հարուստ հանքերից:

 

Բարձրադիր լեռներում տեղակայված 9 քաղաքներում և հարյուրավոր գյուղերում բնակվում է 140 հազար մարդուց մի փոքր ավելին: Սակայն սա տարածք է, որի համար պատրաստ են արյուն թափել և կռվել աշխարհի բոլոր հայերը: «Արցախը դեպի աշխարհ բացվող մեր պատուհանն է: Սա վայր է, որը 20 տարի առաջ միավորեց աշխարհի 12 մլն հայերին: Սա մեր տունն է, որի համար մենք ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այսօր, պատրաստ ենք կռվել մինչև վերջ»,– հայտարարել է իմ զրուցակից Տիգրանը, ով շատ լավ հիշում է, թե ինչպես 1991-ին ինքնաթիռներն աշխարհի բոլոր ծայրերից կամավորներ էին բերում Երևան:

 

Այսօր 1991-1994թթ. պատերազմի մասին քիչ բան է հիշեցնում, չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում կյանքն ընթանում է մշտապես պաշտպանության պատրաստ լինելու հրամայականով: Պատվանդանների վրա կանգնած են տանկեր, որոնք հիմնականում խլված են թշնամուց (մարտական գործողությունների սկսման պահին Լեռնային Ղարաբաղն ուներ ընդամենը 2 տանկ և զրահամեքենա (броневой транспортёр, БТР))... Տղաներն առաջին դասարանից սովորում են քանդել և հավաքել ինքնաձիգը, դպրոցական ծրագրում ընդգրկված է ռազմական պատրաստության ծրագիր: Իսկ դե հայ տղամարդիկ էլ իրենց հերթին միշտ պատրաստ են անհրաժեշտության դեպքում պայքարել թշնամու դեմ: Ընդ որում, ըստ հայ տղամարդկանց, գլխավորը մինչև 2025թ. համբերելն է, երբ Ադրբեջանում կսպառվեն նավթի պաշարները, Բաքուն կսկսի սպառել մինչև օրս կուտակածը և պատերազմի մասին մտածելու ժամանակ չի ունենա:

 

Բայց դե, բնականաբար, ղարաբաղցիները նաև իրենց ուժերի վրա են վստահ, և իզուր չէ, որ իրենց համառության համար նրանց «ավանակ» մականունով են կնքել: Պատերազմի ժամանակ բավականին տարածված էր այն կատակը, թե ինչպես են «Սասունցի Դավիթ» ջոկատից Արսեն անունով ղարաբաղցի մի զինվորի լրագրողները հարցրել, թե ինչու ղարաբաղցիները չեն նահանջում և չեն հանձնվում, որին զինվորը պատասխանել է, թե Ղարաբաղի «ավանակների» հետընթաց քայլը «չի աշխատում»:

 

Ղարաբաղում մինչ օրս կանգնած են մնացել այն խորամանկ կառույցները, որոնցով 20 տարի առաջ արցախցիները պաշտպանվում էին թշնամուց: Ադրբեջանական և թուրքական կողմից շատ լավ երևացող տեղամասերի երկայնքով մեկ, որտեղով անցնում է Ղարաբաղն աշխարհին կապող միակ ճանապարհը, թմբեր են բարձրանում, որպեսզի դիպուկահարը չհասնի թիրախին:

 

Այն մասին, որ Ղարաբաղն օդային հաղորդակցություն չունի, երևի թե, պետք չէ գրել: Չնայած կառուցվել է օդանավակայանի նոր շենքը, սակայն արցախցիները չեն շտապում այն գործարկել: Լեռների անդորրը չխախտելու այս որոշումը մեծապես պայմանավորված է թուրքական և ադրբեջանական կողմից հնչող սպառնալիքներով: Թուրքիան սպառնում է փակել իր օդային տարածքը Հայաստանի համար, իսկ Ադրբեջանը սպառնում է կործանել Ստեփանակերտ թռչող ինքնաթիռները:

 

Իսկ մնացած առումներով Ղարաբաղում կյանքը ընթանում է շատ առօրեական և օրինաչափ: Մայրաքաղաք Ստեփանակերտում այլևս չես գտնի ավերակներ, վերջին ժանգոտած զրահամեքենաները դուրս են բերվել նախկին ադրբեջանաբնակ թաղամասից: Դրա փոխարեն բարձրանում են նորակառույց շենքերը, որոնցում բնակարաններ են տրամադրվում պատերազմի վետերաններին, հաշմանդամներին, բազմազավակ ընտանիքներին: Base Metals հանքարդյունաբերող և մշակող ընկերությունը, որը զբաղվում է Ղարաբաղի օգտակար հանածոների ուսումնասիրությամբ և վերամշակմամբ, քաղաքի կենտրոնում 5–աստղանի հյուրանոց է կառուցել, չնայած, որ երկրի իշխանությունների կարծիքով՝ առաջին հերթին Ղարաբաղին չէր խանգարի ավելի համեստ 3–աստղանի հյուրանոցը, որտեղ կարող էին օթևանել ոչ այդքան պահանջկոտ զբոսաշրջիկները: Իսկ դրանց քանակը վերջին տարիներին աճում է:

 

Աշխարհի բոլոր հայերն իրենց պարտքն են համարում իրենց ներդրումն ունենալ ԼՂՀ-ի զարգացման գործում: Առավել հարուստներն իրենց հաստատություններն են բացում այնտեղ, իսկ ով չունի այդպիսի հնարավորություն, մասնակցում է ամենամյա հեռուստամարաթոնին, որի միջոցով հավաքված գումարներն օգտագործվում են ճանապարհների շինարարության, ջրատար և գազատար խողովակների անցկացման համար:

 

Ամեն տարի հայերն ամբողջ աշխարհից հսկայական գումարներ են ներդնում այս փոքրիկ հողակտորի զարգացման համար, և հատկապես զարմանալի է այն փաստը, որ այստեղ գումարները չեն յուրացվում: Ղարաբաղում ընդունված չէ գողանալ պետպատվերով աշխատանքի համար տրամադրված գումարները, այստեղ չեն գողանում պետության փողերը, քանի որ դա արցախցու համար նշանակում է անցնել թշնամու կողմը: Բազմաչարչար Ղարաբաղն իր բաժինն արդեն տառապել և վերատառապել է: Այստեղ մարդիկ գիտեն հանուն ինչի են ապրում և հանուն ինչի՝ մեռնում:

 

Բնականաբար, տնտեսական շրջափակման պայմաններում ղարաբաղցիներն իրենց ապրանքը կարող են միայն Երևանի միջոցով արտահանել և «Պատրաստված է Հայաստանում» պիտակով: Ղարաբաղում գործազրկության մակարդակը կազմում է 4,6%:

 

Ղարաբաղում կա մի քաղաք, որն ունի 300–ից քիչ ավելի բնակիչ, ովքեր զբաղվում են անասնաբուծությամբ. Աղդամն է (հայերեն անվանումը Ակնա Ծնթ. Lurer.com), որը խորհրդային տարիներին բնակեցվել էր գերազանցապես ադրբեջանցիներով և միաժամանակ գտնվում էր ավերակ դարձած հին հայկական Տիգրանակերտ քաղաքի հարևանությամբ:

 

ԼՂՀ կազմի մեջ մտնող Աղդամն Ադրբեջանի հետ անմիջապես սահմանին է գտնվում, որի շրջակայքից 1990-ական թթ. ակտիվ կրակահերթ էր արձակվում Ղարաբաղի ուղղությամբ: ԼՂՀ իշխանությունները չեն վերականգնել Աղդամը, որը մինչ օրս ավերակ է՝ իբրև համր վկա և հիշեցում, թե ինչի են հանգեցնում աշխարհում պատերազմները»:

 

Իրինա Կովալչուկ

 

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։