Վիլնյուսում տեղի է ունեցել Մոլդովայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը:
Մոլդովական կողմից այն ստորագրել է արտգործնախարար Նատալյա Գերմանը: Այս մասին հաղորդում է Golos Rossii-ն՝ վկայակոչելով մոլդովական հեռուստաալիքները:
Իսկ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Օկտավիան Կալմիկը ստորագրել է Համաձայնագրի այն հատվածը, որը վերաբերում է ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը:
Նախաստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, որի ժամանակ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը կթողնեն Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Մոլդովան և ԵՄ-ը ակնկալում են ստորագրել ասոցացման համաձայնագիրը ոչ ուշ, քան 2014թ. աշնանը: