Խոսրովի արգելոցում ուղեփակոցի տեսուչ Մխիթար Սեդրակյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը երկարաձգվել է եւս մեկ ամսով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մեր աղբյուրները:

 

Այս գործով նախաքննության համար սահմանված երկու ամիսը լրացել է, սակայն այդպես էլ մեղադրյալներ չկան, այժմ նախաքննության ժամկետը ավելացել է եւս մեկ ամսով:

 

Մեր տեղեկություններով՝ համակարգչային փորձաքննության եզրակացությունը պատրաստ է, որում երեւում է կրակողի պատկերը: Հաշվի առնելով, որ գործի շրջանակներում բազմաթիվ անձինք են հարցաքննվել, քննիչները հույս ունեն, որ կրակողի պատկերը ճանաչող անձնավորություն կգտնվի:

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Արտաշատի բաժնում սեպտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 07:05-ին, հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 50-ամյա Մխիթար Սեդրակյանի կրծքավանդակի ձախ հատվածին' պատճառելով մահ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: