Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։
Հարգելի պարոն Կոստանյան,
Ըստ ՊԵԿ-ի հրապարակված տվյալների՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2012թ․ հաշվետու տարվա արդյունքներով հայտարարագրել է 72.5 մլրդ դրամի վնաս, մինչդեռ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից 2010 թվականին հաստատված գազի սակագինը պետք է շուկայում մենաշնորհ դիրք զբաղեցնող ընկերությանը ապաղովեր առնվազն 11 միլիարդ դրամից ավել տարեկան շահույթ։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2013թ․ նորից ներկայացրել է ՀԾԿՀ-ին սակագների բարձրացման հայտ, որը հիմնավորող փաստաթղթերը ակնհայտորեն չեն համապատասխանել ՀՀ օրենսդրության պահանջներին (կազմված են եղել ռուսերեն լեզվով), վերաբերվել են այլ կազմակերպության («Տրանսգազ» ՍՊԸ-ին) եւ կնքված ու ստորագրված չեն եղել լիազոր անձի կողմից։
ՀԾԿՀ-ն գործող կարգի համաձայն նշված հայտը հետ վերադարձնելու փոխարեն 24 օրվա ընթացքում նիստ է նշանակել եւ հաստատել նոր սակագները։ Ընդ որում, ՀՀ վարչապետը միջամտել է սակագնի հաշվառման ընթացակարգին՝ առանց որեւէ իրավական հիմքի պահանջել է 30%-ով պակաս հաշվարկել Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող գազի ձեռք բերման գինը։
ՀԾԿՀ-ն արգելել է «Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամների մասնակցությունը 07/06/2013թ․ կայացած նոր սակագներին վերաբերվող հանձնաժողովի դռնբաց նիստին, որի պատճառով մենք չենք կարողացել հանձնաժողովի անդամներից ստանալ բացատրություն, թե ինչու իրենք «ՀՀ էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման եվ վերանայման կարգի» 3․4 կետի պահանջներին հակառակ ընունել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հայտը։ Հնարավորություն չեղավ նաեւ պարզել, թե ինչու ՀԾԿՀ-ն ենթարկվել է ՀՀ վարչապետի սակագների որոշման ընթացակարգի անօրինական միջամտությանը։
Նախաձեռնության անդամները բողոքարկեցին ՀԾԿՀ-ի 07/06/2013թ․ նիստում ընդունած որոշումները վարչական դատարանում (դատական գործեր՝ ՎԴ/7312/05/13, ՎԴ/6097/05/13)։ Թեպետ եւ ավելի քան 15.000 ՀՀ քաղաքացիներ վարչական դատարան ներկայացրեցին գրավոր դիմումներ, որպեսզի գազի եւ սակագներին վերաբերվող դատական գործերը քննվեն բանավոր ընթացակարգով, դատարանը մերժեց ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածով սահմանված հրապարակային քննության մեր իրավունքը։ Արդյունքում նաեւ վարչական դատարանում հնարավոր չեղավ անմիջապես պատասխանողից ստանալ բացատրություններ, թե ինչու են վերոհիշյալ պաշտոնատար անձինք խախտում ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները եւ իրենց գործողություններով խոշոր վնասներ պատճառում պետությանը և սպառողներին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 09/12/2013թ․ արտահերթ զեկույցը արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ամբողջությամբ բացատրում է վարչական դատարանի վարքագիծը վերոհիշյալ գործերի նկատմամբ։
Միաժամանակ ի հայտ եկավ, որ 2013 թվականի դրությամբ «ՀայՌուսգազարդի» պարտքերը կազմում են 300 մլն․ դոլար եւ ՀՀ կառավարությունը որոշել է հատուցել «ՀայՌուսգազարդի» կուտակված հսկայական վնասները պետական միջոցների հաշվին։ Քանի որ, թե ՀԾԿՀ-ն, թե վարչական դատարանը սահմանափակել են մեր իրավունքը՝ ինքնուրույն բացահայտել պատճառները, թե ինչու «ՀայՌուսգազարդ» ընկերության գործունեությունը Հայաստանում վնաս է պատճառում պետությանը եւ սպառողներին, մեզ այլ բան չի մնում քան դիմել Ձեր միջամտությանը։
Խնդրում ենք, Ձեր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պետության եւ հասարակության շահերը պաշտպանելու եւ պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ։