ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին.

 

«Մեծարգո պարոն Չեքիջյան, սիրելի մաեստրո,

 

Ընդունեք անկեղծ եւ ջերմ շնորհավորանքներս Ձեր ծննդյան հոբելյանի' 85-ամյակի առթիվ:

 

Ձեր կյանքն ու բեղմնավոր գործունեությունը խորհրդանշում են ստեղծագործական մի ընդգրկուն ժամանակաշրջան, որի ընթացքում հավատարմորեն ծառայում եք երգչախմբային արվեստին ու երաժշտությանը: Ավելի քան կես դար Դուք ղեկավարում եք Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, որն իր կատարողական ինքնատիպ արվեստով եւ հարուստ երգացանկով, ազգային ավանդույթներին հավատարմությամբ դարձել է Հայաստանի այցեքարտը ողջ աշխարհում: Վաղուց արդեն երգչախումբն ու Ձեր անունը հոմանիշներ են, իսկ ձեր մասնակցությամբ յուրաքանչյուր համերգ իսկական տոն է երաժշտության ու երգավեստի երկրպագուների ու սիրահարների համար:

 

Ձեր բազմամյա գործունեության ընթացքում Դուք դաստիարակել եք արվեստագետների մի ամբողջ սերունդ եւ հսկայական ավանդ ներդրել հայկական մշակույթի զարգացման ու տարածման գործում: Շատ ուրախ եմ, որ այդ շնորհակալ առաքելությունը շարունակում եք նաեւ այսօր:

 

Կրկին շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ' մաղթում եմ Ձեզ, սիրելի մաեստրո, առողջություն, երկար կյանք եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»: