«Թևան Պողոսյանը ապագա ունեցող քաղաքական գործիչ է: Նրա հետ աշխատելն արդյունավետ էր, բայց իր որոշումը գտնվում է անձնական որոշման տիրույթում»,- «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի այսօրվա հայտարարությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թ.Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է թողել այն մասին, որ ինքը պատգամավորական մանդատը վայր է դրել, որի մասին դիմում է ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Նա, մասնավորապես, գրել է. «Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքին խոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, ի պատասխան մեր հարցի, հաստատեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ստացել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի հրաժարականի մասին գրավոր դիմումը: Պատգամանորի դիմումին ընթացք կտրվի ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված կարգով:
Այն է՝ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ի դեպ, ԱԺ առաջիկա նիստը տեղի կունենա հաջորդ նստաշրջանի բացման օրը ՝ 2014թ. փետրվարի 3-ին: Անկուսակցական Թ.Պողոսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ժառանգության» համամասնական ցուցակով: Նա պատգամավորական մանդատ է ստացել և «Ժառանգություն» խմբակցության կազմը համալրել 2012թ. հոկտեմբերի 5-ից՝ ստանալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականից հետո կուսակցության համամասնական ընտրակարգով թափուր մնացած մանդատը:
«Ժառանգության» համամասնական ցուցակում Թ.Պողոսյանից հետո հաջորդը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Այվազյանն է, նրան հաջորդում է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: -