ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 28-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին' ԱԺ նախագահն ասաց.
«Հարգելի լրագրողներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ես միշտ կարևորել եմ օբյեկտիվ, անկանխակալ լրատվության դերը և փորձել իրատեսորեն գնահատել նրա նշանակությունը հասարակական-քաղաքական կյանքում: Ինչքան էլ մեծ լինի արագ զարգացող այս աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը՝ առավել մեծ է ասելիք, տեղեկատվություն, բովանդակություն ստեղծողի դերը' ձեր դերը, հարգելի լրագրողներ: Գնահատելով ձեր մասնագիտական գործունեությունը' ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը գիտակցի հանդուրժողականության և զսպվածության կարևորությունը ամենօրյա աշխատանքում:
Հարգելի լրագրողներ,
Կարող եմ փաստել, որ 2013-ը արդյունավետ աշխատանքի տարի է եղել Ազգային ժողովի համար և՛ օրենսդրական, և՛ խորհրդարանական դիվանագիտության առումով: Խորհրդարանը բազմակարծության ամբիոն է, և բնական է, որ եղել են նաև տարաձայնություններ, քաղաքական հայացքների և շահերի բախումներ: Մենք հաստատակամ ենք շարունակելու մեր գործունեությունը հանուն մեր երկրի կայունության և առաջընթացի: Այս տեսանկյունից մեր համագործակցությունը, սիրելի լրագրողներ, կարծում եմ եղել է և կլինի արդյունավետ:
Հարգելի՛ լրագրողներ,
Ես բարձր եմ գնահատում ձեր դերը հասարակական կյանքում և ցանկանում եմ, որ դուք ձեր մտահոգություններում ու հրապարակումներում մշտապես առաջնորդվեք հասարակական շահով, անկեղծ մղումներով և հայրենասիրությամբ: Համոզված եմ, որ լրագրողի ձեր կոչումը հետայսու էլ մղելու է ձեզ արժանապատվորեն եւ ամենայն պատասխանատվությամբ կատարելու ձեր առաքելությունը:
Ցանկանում եմ, որ 2014-ը լինի բարի լուրերի տարի: Մասնագիտական վերելք, հաջողություն, առողջություն և երջանկություն եմ մաղթում ձեզ: Թող գալիք տարում խաղաղություն լինի մեր հայրենիքում: Մենք մուտք ենք գործում 2014 թվական Հայաստանի և հայ ժողովրդի համար խոստումնալից ապագայի հավատով:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ' խորհրդարանի աշխատանքների բարեխիղճ և արհեստավարժ լուսաբանման համար ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներ՝ Սիրանույշ Մուրադյանը («Հանրային հեռուստաընկերություն»), Ալինա Օրդյանը («Հ2» հեռուստաընկերություն), Շաքե Ղազարյանը («Արմնյուզ» հեռուստաընկերություն), Նելլի Գրիգորյանը («Առավոտ» օրաթերթ), Մարիետա Խաչատրյանը («Ազգ» օրաթերթ), Լիլիթ Պողոսյանը («Հայոց աշխարհ» օրաթերթ), Գագիկ Շամշյանը («Shamshyan.com» կայք), Վարդան Մկրտումյանը («Կենտրոն» հեռուստաընկերություն), Հակոբ Ազատյանը («ԱՐ» հեռուստաընկերություն), պարգևատրվեցին ՀՀ ԱԺ նախագահի անվանական ժամացույցով: