Սիրելի հայրենակիցներ.

 

Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

 

Անցնող տարին մեր ժողովրդի համար լի էր տարաբնույթ եւ ազգանպաստ իրադարձություններով: Իհարկե, մեծագույն ձեռքբերումը տարածաշրջանում խաղաղության պահպանումն էր: Այն խաղաղության, որը տարիներ առաջ ձեռք բերվեց ու պաշտպանվեց մեր ժողովրդի մաքառումների, մեծագույն զոհողությունների, հազարավոր մարտիկների սխրանքների, առողջության եւ կյանքի գնով:

 

Հայրենակիցներ.

 

Պետության կայացման դժվարին գործընթացում իրենց ուրույն տեղն ունեն կամավորականները, երկրապահները, նրանք, ովքեր մարտադաշտում կռեցին մեր երկրի արժանապատիվ ապագան' ապահովելով Հայոց բանակի կազմավորումը, անկախության կայացումն ու հայ ժողովրդի, հատկապես' արցախահայության անվտանգությունը:

 

Առանձնահատուկ շնորհավորում եմ երկրապահ կամավորականներին:

 

Մենք' Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետնորդներս, պարտավոր ենք մշտապես պատվով կրել երկիրը պահողի ու շենացնողի սուրբ կոչումը' այն փոխանցելով նոր սերնդին: Մենք ընդունում ենք հայրենի երկրի ապագայի կերտման գործում մեր պատվաբեր պատասխանատվությունը եւ տեր ենք մեր կոչմանը' ծառայել մեր պետականությանը, մեր երկրին ու ժողովրդին:

 

Երկրապահը, հավատարիմ իր պատվախնդիր կենսակերպին, հայոց բանակի հետ եղել է, կա ու պիտի մնա Արցախի եւ Հայաստանի անկախության երաշխավորը, պետականության ամրապնդման ջատագովը: Մեզ համար կարեւոր է ոչ միայն ձեռք բերումը, այլ նաեւ ձեռք բերածի պահպանումը եւ այն նոր սերնդին փոխանցումը:

 

Շնորհավորում եմ Հայոց բանակի զինծառայողներին, հատկապես այսօր երկրի սահմանը պաշտպանող հայ զինվորներին, ազգային բանակի սպաներին, նրանց ընտանիքներին ու երեխաներին:

 

Մեր ջերմ շնորհավորանքներն եմ հղում ողջ արցախահայությանը, հերոսներ ծնող Արցախի հերոս մայրերին, Արցախը շենացնողներին: Թող էլ ավելի ամրապնդվի արցախահայության իր հողում ազատ ու անկախ ապրելու հավատը: Մենք հպարտանում ենք օրըստօրե շենացող Արցախով:

 

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ կուզենայի բոլոր երկրապահների անունից առանձնահատուկ շնորհավորել մեր զոհված մարտական ընկերների մայրերին, քույրերին, կանանց, երեխաներին: Մենք գնահատում եւ խոնարհվում ենք մեր մայրերի ոգու եւ հայրենասիրության առաջ, որով նրանք դաստիարակել են իրենց քաջ որդիներին:

 

Եկեք Ամանորի առիթով մեկ անգամ եւս գլուխ խոնարհենք Եռաբլուրի առաջ, բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր զոհվեցին հանուն Հայաստանի եւ Արցախի անկախության ու ազատության: Նրանք երազում էին հաղթանակած Հայաստան, անկախ Արցախ ու տեր էին կանգնում իրենց երազանքին: Այսօր մենք պարտավոր ենք իրականություն դարձնել մեր մարտական ընկերների երազանքը, ունենալ բարեկեցիկ Հայաստան, նույնքան բարեկեցիկ, ազատ ու անկախ Արցախ: Մենք այլ ճանապարհ չունենք:

 

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հատուկ շնորհավորել մեր երեխաներին, մեր թոռներին, երիտասարդ ու պատանի երկրապահներին: Մենք պարտավոր ենք հավատալ երիտասարդությանը, մատաղ սերնդին: Նրանց ճիշտ, հայեցի դաստիարակությունը կախված է մեզանից: Նրանք են այս երկրի այսօրվա ու վաղվա տերերը:

 

Նոր տարին նոր ծրագրերի, նոր ձեռքբերումների ժամանակաշրջան է լինելու: Թող մեզ չլքի էլ ավելի ժողովրդավար, հզոր ու կայուն պետություն կառուցելու հավատը: Թող մեզ առաջնորդի դժվարությունները հաղթահարելու կամքը եւ լավը, առաջընթացը տեսնելու, գնահատելու լավատեսությունը:

 

Թող 2014թ. լինի միասնության' Հայաստանի, Արցախի, Սփյուռքի' համայն հայության համախմբման, անկախության ամրապնդման եւ պետության հզորացման տարի: Մեր հզորությունը մեր միասնության մեջ է:

 

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

 

Աստված բոլորիս պահապան:

 

Սիրով եւ խորին հարգանքներով'

 

 

ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ Մ.Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ