Օգոստոսի 14-ին Արցախի Մարտունի քաղաքի տոնն է, իսկ օգոստոսի 15-ն էլ Հադրութի վերածնունդի օրն է։ Տոնական միջոցառումներին ակտիվորեն մասնակցում են ԵԿՄ պատվիրակությունները։ Ի դեպ, տոնակատարության շրջանակներում 2 տարածքում էլ ԵԿՄ նվիրած խաչքարերի բացման արարողություններ են կատարվում։ Տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է տարածել նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։
ՈՒՂԵՐՁ ՀԱԴՐՈՒԹԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Հադրութի վերածննդի օրվա կապակցությամբ:
1992-ի այս օրը Հադրութի համար ճակատագրական էր. ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Հադրութի ուղղությամբ: Ժամանակները ծանր էին, ունեցանք բազում զոհեր, սակայն Հադրութը չծնկեց թշնամու առաջ. հակառակորդին տալով արժանի հարված' հայ քաջորդիները կարողացան Արցախի հարավային դարպասը պահել անառիկ: Օգոստոսի 15-ը հռչակվեց Հադրութի վերածննդի օր: Ռազմական գործողություններին զուգահեռ' 1992թ-ի օգոստոսին ձևավորվեց նաև 1-ին պաշտպանական շրջանը, եւ ուրեմն օգոստոսի 15-ը հադրութցիների համար, երկրապահ հայ ժողովրդի համար կրկնակի տոնական է:
Հադրութն ինձ համար հատկապես հոգեհարազատ տարածք է, քանի որ, զինվորագրվելով Արցախյան ազատամարտին, դեռ 1988-ից , էջմիածնեցի կամավորականների հետ տեղակայվել ենք Հադրութի Էդիլվա ձորակում, Արցախի տարածքի առաջին գյուղը, որ ազատագրել ենք, եղել է Հադրութի Հողերը: Հադրութցին վստահել եւ գնահատել գիտե. այդ պատճառով էլ դեռ ընթացող պատերազմի ժամանակ այս ժողովուրդն ինձ ընտրեց Արցախի ԱԺ պատգամավոր Հադրութի տարածքից:
Ես խոնարհվում եմ հերոսներ ծնած հադրութցի հերոս մայրերի առաջ: Խորին հարգանք եմ արտահայտում բոլոր այն հադրութցի քաջերի նկատմամբ, ովքեր արիաբար մարտնչեցին թուրք ազերու պարտադրած պատերազմում, ովքեր կյանքը տվեցին, առողջությունը տվեցին այս ազատամարտում: Կարող եմ հարյուրավոր հերոս հադրութցիների անուններ հիշատակել' Արթուր Մկրտչյան, Տողի Վիգեն, Արթուր Աղաբեկյան, Պավլուշ, Կամո Աղաջանյան, Խորեն Հովսեփյան, ձյաձ Գենրիխ, Նավասարդյան եւ այսպես շարունակ:
Հպարտությամբ նշեմ, որ երկրապահների մաքառումների գնով պաշտպանված Հադրութի հողում այսօր կատարվում է նաեւ հայոց Մեծ եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին նվիրված երկրապահական խաչքարի բացման արարողություն: Արցախի բոլոր տարածքներում Երկրապահը Ջուղայի խաչքարի կրկնօրինակներն է կանգնեցրել, որպեսզի թուրք ազերին հասկանա, որ հայ մշակույթը, հայ քաղաքակրթությունը, հայի հավատքն անմահ են:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան
ՈՒՂԵՐՁ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ հերոսական Մարտունի քաղաքի տոնի կապակցությամբ:
Մարտունին հերոսաբար դիմակայել է նենգ ոսոխի բոլոր ոտնձգություններին, աշխարհասփյուռ հայ ազգի երկրապահ զավակները, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի գլխավորությամբ, հերոսաբար պատժել են ոսոխին բոլոր դավադիր փորձերի համար: Թուրքի ոտքն այդպես էլ չհայտնվեց այս սրբազան տարածքում, ինչի համար երախտապարտ ենք կյանքն ու առողջությունը չխնայած հարյուրավոր հայորդիների' Մոնթե, Նելսոն Հակոբյան, Մովսես Հակոբյան, Վարդան Բալայան ու էլի շատ շատերը, որ ոչ միայն մարտական ընկերներս են, այլեւ իմ ղեկավարած կազմավորմանը հարեւան էին ռազմաճակատում: Թուրքի դեմ պատերազմում էինք կողք-կողքի՝ իրենք Մարտունիում, մենք՝ Հադրութում:
Շնորհավորելով ամենքիս Մարտունու օրվա կապակցությամբ՝ նաեւ հպարտությամբ ընդգծեմ, որ այսօր այստեղ նաեւ երկրապահական խաչքարի բացման արարողություն է: 1915-ի հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին խաչքարեր Երկրապահը տեղադրել է Արցախի սուրբ հողի բոլոր վարչական շրջաններում, ընդ որում՝ կանգնեցրել ենք Ջուղայի կործանված խաչքարերի կրկնօրինակները, որպեսզի փոքրոգի, ցեղասպան ոսոխը հասկանա, որ հայ մշակույթը, հայ ոգին, հայ հավատքն անմահ են. սրանք հավերժական արժեքներ են, որ մշտապես պաշտպանվելու են երկրապահ հայ ազգի կողմից:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան