Ինչպես արդեն տեղեկացրել էր MediaMall.am-ը, մեկնարկել է ամենամյա երկրապահական ուխտագնացությունը դեպի Արցախ աշխարհ:
Ուխտագնացության շրջանակներում երկրապահներն այցելում են զոհված մարտընկերների պատվին կանգնեցված հուշարձաններին, հանդիպում են սահմանամերձ տարածքների բնակչությանը, ոգեւորում, վստահեցնում, որ վտանգի պահին սահմանաբնակը կզգա Երկրապահի աջակցությունն, ինչպես 1989-94 թվականների պատերազմում է զգացել:
Արցախում ելույթով հանդես է եկել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը, որը ներկայացնում ենք ստորև.
Ողջո՛ւյն հարգելի երկրապահներ, մայրեր, քույրեր։
Երկրապահական ջերմագին ողջույններ Մարտակերտին, մարտակերտցուն։ Արցախ աշխարհ երկրապահական ուխտագնացության շրջանակներում մենք այսօր Մարտակերտում ենք՝ ռազմավարական նշանակության մի տարածքում, որի նկատմամբ միշտ էլ ախորժակ եւ հավակնություններ է ունեցել նենգադավ թուրք ազերին։ Բայց, ի պատիվ մարտակերտցու, ի պատիվ աշխարհասփյուռ երկապահ հայ ազգի, միշտ էլ թուրքի ախորժակը զսպվել է։ Միասնական ջանքերով կարողացել ենք հասցնել ոսոխի քթին, եւ Մարտակերտն այսօր հպարտորեն եւ հաստատուն քայլերով զարգանում է հայկական Արցախ պետությունում:
Ես խոնարհվում եմ հերոսներ ծնած մարտակերտցի հերոս մայրերի առաջ: Խորին հարգանք եմ արտահայտում բոլոր այն մարտակերտցի քաջերի նկատմամբ, ովքեր արիաբար մարտնչեցին թուրք ազերու պարտադրած պատերազմում, ովքեր կյանքը տվեցին, առողջությունը տվեցին այս ազատամարտում: Կարող եմ հարյուրավոր հերոս մարտակերտցիների անուններ հիշատակել' Վլադիկ Խաչատրյան, մեր Գյուրջյան Սանասարը, Իլյիչը եւ այսպես շարունակ: Մարտակերտի ազատագրման եւ պաշտպանության համար մղվող մարտերում ցավալի կորուստներ էլ ենք ունեցել: Հավերժ փառք մեր նահատակ ընկերներին՝ Մեխակ Մեխակյանին, Հապետ Արշակյանին, ռազվեդկի Հայկազին, մեր 26-ի Յուրային, մյուս մեր քաջ տղաներին:
Հպարտությամբ նշեմ, որ երկրապահների մաքառումների գնով պաշտպանված Մարտակերտի հողում այսօր կատարվում են նաեւ հայոց Մեծ եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին նվիրված երկրապահական խաչքարերի բացման արարողություններ՝ շրջկենտրոն Մարտակերտում եւ Մեծ Շենում: Մեծ Շենն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Այս տարածքից մենք սկսեցինք մի կարճ ժամանակահատվածով գերված Մարտակերտի ազատագրումը։ Ես հարգում եմ այս հողի մարդկանց, որ իմ լավագույն բարեկամներն են։ Առանձնահատուկ կարող եմ նշել Եսայանների ընտանիքը, ազգային բարերարներ Կառլեն եւ Սառա Եսայաններին: Ցավոք, բժիշկ եւ բարերար Կառլեն Եսայանը վախճանվեց, սակայն նրա գործը շարունակում են այրին եւ որդիները: Արցախի բոլոր տարածքներում Երկրապահը Ջուղայի խաչքարի կրկնօրինակներն է կանգնեցրել, որպեսզի թուրք ազերին հասկանա, որ հայ մշակույթը, հայ քաղաքակրթությունը, հայի հավատքն անմահ են: Այս հավերժական արժեքները վստահորեն պաշտպանվում են երկրապահ հայ ազգի, հայոց պետականության՝ Հայաստանի Հանրապետության եւ հայկական Արցախ պետության կողմից։
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան