Թուրքիայում բողոքի ակցիաներ են ընթանում՝ Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ վետերան Զաուր Հասանովին ինքնասպանության հասցնելու հետ կապված: Ինչպես հաղորդում է Turan-ը, թուրքական Մերսին քաղաքում, այսօր՝ հունվարի 3-ին, բողոքի ակցիա է կայացել այդ առթիվ, որը կազմակերպել էր Ադրբեջանական մշակույթի ընկերակցությունն ու ադրբեջանցի ուսանողները:
Ակցիայի հարյուրավոր մասնակիցներ կոչ են արել Հասանովի մահվան պատասխանատվությունը դնել Ադրբեջանի իշխանությունների վրա եւ պահանջել են պատժել պատերազմի վետերանին ինքնասպանության հասցնողին:
Հիշեցնենք, որ ղարաբաղյան պատերազմի մասնակից հաշմանդամ Զաուր Հասանովն ինքնահրկիզման ակտ է իրականացրել Ադրբեջանի արհմիությունների համադաշնության շենքի մոտ: Նման հուսահատ քայլի դիմելուն նրան դրդել է Ադրբեջանի արհմիությունների համադաշնության ղեկավար Սաթար Մեհմալիեւի վարքը, որը Հասանովից խլել է նրա հողատարածքը, որտեղ վերջինս փոքրիկ թեյարան էր կառուցել:
Վետերանի բազմաթիվ բողոքները անտեսվել են եւ 5 երեխաների հայրը որոշել է գնալ նման քայլի: Զաուր Հասանովը մահացել է թիվ 5 հիվանդանոցում: