Մխիթար Հերացու պետական բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Վիկտորյա Անիկինայի տեղեկացմամբ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային կլինիկայում Ամանորի գիշերը ծանր վիճակում, ցնցումների մեջ գտնվող երեխային չեն ընդունել, քանի որ այս բուժհիմնարկում մանկական բաժանմունք գոյություն չունի, բուժում նախատեսված չէ:

 

Այս մասին Tert.am-ին հայտնած Վիկտորյա Անիկինան, ի պատասխան հարցի, թե հնարավոր չէ՞ր բուժօգնություն ցույց տալ, մինչև այլ հիվանդանոց տեղափոխելը նկատեց. «Բժիշկը այդպես է ճիշտ գտել»:

 

Նշենք, որ epress.am-ը տեղեկացրել էր, որ Նոր տարվա գիշերը բժիշկները հրաժարվել են օգնել երաժիշտ Արթուր Լոռեցյանի՝ ցնցումների մեջ գտնվող երեխային։ Վերջինս հանդիպում է պահանջում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ՝ ցանկանալով բարձրացնել բժիշկների անգործության հարցը, որը, նրա խոսքով, երեխայի մահվան պատճառ կարող էր դառնալ։

 

Երաժիշտը պատմել է, որ 2013-ի դեկտեմբերի 31-ի գիշերը ժամը 1։30-ի սահմաններում երեխայի վիճակը կտրուկ վատացել է, և բարձր ջերմությունից նրա մոտ ցնցումներ են սկսվել։ Ընտանիքի բոլոր անդամները միաժամանակ տարբեր հեռախոսներով «Շտապ օգնություն» են զանգահարել, բայց 20-30 զանգից հետո հասկացել են, որ հնարավոր չէ կապ հաստատել և որոշել են երեխային տեղափոխել մոտակա՝ թիվ 1 հիվանդանոց։

 

«Շտապ Բուժօգնություն» ՓԲԸ տնօրենի տեղակալը Tert.am–ի հետ զրույցում նախ բացառեց, որ «Շտապօգնությունում» չպատասխանեին, ապա ենթադրեց, թե միգուցե օպերատորները ծանրաբեռնված պատասխանել են զանգերին, «ընկել է երկրորդ գիծ»:

 

Առավել հանգամանալից «Շտապօգնությունից» կպատասխանեն վաղը: