ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կդառնա «Ազատ մամուլի հիմնադրամի» տնօրենների խորհրդի անդամ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ազատ մամուլի հիմնադրամը» ստեղծվել է 2012 թվականին՝ ԱՄՆ-ում: Այս հիմնադրամի անդամներ են դարձել Էդվարդ Սնոուդենը, ԱՄՆ-ի նախկին զինվորական Դանիել Էլսբերգը, որը մի քանի տարի առաջ մամուլին էր փոխանցել Պենտագոնի գաղտնի փաստաթղթեր, հայտնի դերասան Ջոն Կյուսակը, ինչպես նաև Guardian-ի լրագրող Գրեն Գրինվալդը, ով Սնոուդենին օգնել էր հրապարակել փաստաթղթերը:
Հիմնադրամի հիմնական նպատակն է օժանդակել հատուկ ծառայությունների ու պետական ձեռնարկությունների վերաբերյալ փաստերի հրապարակման համար հետապնդվող անձանց։
ԱՄՆ-ի նախկին զինվորական Դանիել Էլսբերգը ողջունել է Սնոուդենի' «Ազատ մամուլի հիմնադրամի» անդամ դառնալու փաստը և հայտնել, որ Սնոուդենի արարքն իր մեջ ամփոփում է հզոր անհատի բոլոր հատկանիշները:
«Շատ կարևոր է այն փաստը, որ կարողանում ես աջակցել ազատ և արդար լրագրությանը: Սնոուդենը հենց այդ աջակիցներից էր: Նա իսկական հերոս է և նրա պես մարդիկ մեզ շատ են հարկավոր»,-ասել է Էլսբերգը:
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը միջազգային ճանաչվածություն ստացավ ամերիկյան հատուկ ծառայությունների մասին գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո։