Ստորև ներկայացնում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ին և 2014-ի հունվարի 13-ին հրապարակված հարցազրույցները լայն քննարկման առարկա են դարձել: Ամփոփելով անցած երեք օրերի ընթացքում ստացված հրապարակային և ոչ հրապարակային արձագանքները, հարկ ենք համարում գոհունակություն հայտնել դրանց ճնշող մեծամասնության ընդհանուր դրական պատկերի ու որակի կապակցությամբ: Ակնհայտ է, որ մարդիկ ճիշտ են ընկալել նախագահ Քոչարյանի մտահոգություններն ու գնահատականները, ինչպես նաև երկրի առաջ ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ հրապարակային տեսակետ հայտնելու բուն փաստը: Սա պատահական չենք համարում, հաշվի առնելով թե բարձրացված հարցերի արդիականությունը մեր երկրի համար, թե հանրության աճող հետաքրքրությունը Ռոբերտ Քոչարյանի կողմից պարբերաբար հնչեցվող հիմնավոր ու կշռադատված մոտեցումների նկատմամբ: Ի դեպ, 2rd.am կայքի՝ նախագահ Քոչարյանին ուղարկված 7 հարցերից 3-ը դեռ սպասում են իրենց պատասխաններին, ուստի առաջիկայում պետք է սպասել նոր հարցազրույցի:
Բնականաբար, նշված հարցազրույցները հեշտ կանխատեսելի հասցեներից քննադատության արժանացան: Դրանց մեծ մասին արձագանքելն ուղղակի ավելորդ ենք համարում: Թե հեղինակների անձը և թե նրանց արտահայտած մտքերի արժեքն այնպիսի բարոյական կատեգորիաների են պատկանում, որ դրանց պատասխանելը պարզապես արժանապատվության հետ խնդիրներ կառաջացնեին:
Հարկ է ընդգծել նաև, որ քննադատություն պարունակող արձագանքն, ըստ էության, ընդհանրական է մի առումով. չի ներկայացվել որևէ առարկայական հակափաստարկ: Կամ բարոյախրատական բնույթի անպատասխանատու հայտարարություններ են արվել, կամ էլ անտրամաբանական, նյութի հետ կապ չունեցող ու անցած տարիներին արդեն շահարկված ցածրորակ քարոզչության զինանոցի մտքեր են կրկին հնչել: Տրամաբանության հետ կապ չունեցող ելույթների թերևս ամենավառ օրինակներից է մեթան գազի երկրպագու պատգամավորի այն ՞՞բացահայտումը՞՞, թե Ռոբերտ Քոչարյանը այնքան ազատ ժամանակ ունի, որ հարցազրույցներ է տալիս: Եթե հանրապետության վարչապետը չորս ու կես ժամ է գտնում՝ ասուլիս անցկացնելու և Աստված գիտի, թե էլի ինչքան ժամանակ՝ գունազարդ հոդված գրելու, ապա պաշտոնաթող նախագահը միշտ էլ մի կես ժամ կգտնի 3-4 հարցի պատասխանելու համար:
Այսպիսին է մեր արձանագրած ընդհանուր պատկերը: Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել գործընթացին, և ըստ անհրաժեշտության՝ արձագանքելու նախագահ Քոչարյանի հարցազրույցների շուրջ ծավալված քննարկմանը: Մասնավորապես, առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնանք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարցազրույցին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ