Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից 2013 թվականի ընթացքում համապատասխան հետևողական աշխատանքներ են տարվել մշտական բնակության վայր չունեցող, անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:

 

2011 թվականի տարեվերջին ծրագրի մեկնարկից մինչ 2013 թվականի ավարտն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել 225 անօթևան, որից շուրջ 85-ը՝ 2013-ին: Համապատասխան սոցիալ-հոգեբանական աշխատանքների արդյունքում կացարանի շահառուներից 39-ը վերադարձել է ընտանիք, 49 շահառու տեղավորվել է աշխատանքի և վերադարձել ինքնուրույն կյանքի, 8-ը տեղավորվել են մասնագիտացված տուն-ինտերնատում, 11 հոգի էլ տեղափոխվել են ՀՀ մարզեր: Ուշագրավ է, որ շահառուներից 8-ը նոր ընտանիք է կազմել ու հեռացել կենտրոնից: Շահառուներից 17-ը ինքնակամ լքել են կացարանը, մեկն էլ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:

 

Ծրագիրն իրականացվել է հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ: Անօթևանների կացարանում ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում՝ սննդի, հիգիենայի, խնամքի եւ առաջին անհրաժեշտության այլ միջոցառումների կազմակերպումը: Իրականացվել են նաև անվճար բուժօգնության և սոցիալական աջակցության մի շարք այլ ծրագրեր: Մատուցվել են հոգեբանական և իրավաբանական խորհրդատվական ծառայություններ:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ մշտական բնակության վայր չունեցող անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագիրը նպաստել է հասարակական կյանքին անօթևանների լիարժեք ներգրավմանը: