Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը ներկայացրեց տեսչության 2013 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Ըստ այդմ՝ նախորդ տարում իրականացվել են ընդհանուր թվով 85 ստուգումներ և ուսումնասիրություններ /65 ստուգումներ, այդ թվում' ծրագրային 29, իրավապահ մարմինների պահաջով' 27, ՀՀ վարչապետի հանձնարարականներով' 9 ստուգումներ և 20 ուսումնասիրություններ/:

 

ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողությունն ու ստուգումները ֆինանսական վերահսկողության տեսչությունն իրականացնում է երեք հիմքով' ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված տարեկան ծրագրով, ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականներով, իրավապահ մարմինների պահանջով համապատասխան որոշումների հիման վրա:

 

Ծրագրային հսկողության փոխարեն 2013թ-ին հիմնական շեշտը դրվել է առավել բարձր ռիսկային ոլորտներում ստուգումների և ուսումնասիրությունների իրականացման վրա, որի արդյունքում էապես բարձրացել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բյուջեի կատարման նկատմամբ հսկողության գծով տարվող աշխատանքների արդյունավետությունը:

 

Մասնավորապես, տեսչության կողմից իրականացրած հսկողության ընթացքում արձանագրված գումարներից 2012թ.-ին վերականգնված 1.1 մլրդ դրամի դիմաց 2013թ. ընթացքում վերականգնվել/վերաձևակերպվել է 2.3 մլրդ դրամ:

 

Հաշվետու ժամանակաշրջանում ուսումնասիրվել են.

 

ՀՀ պետական բյուջեի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» և «Հղիության և ծննդաբերության նպաստ» ծրագրերով կատարված ծախսերը: Ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ հիվանդության դեպքում, կամ հղիության և ծննդաբերության դեպքում նպաստը' բյուլետենի գումարը, վճարվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման» կարգով: Որպեսզի պետությունը այդ նպաստի գումարները փոխհատուցի' տնտեսվարող սուբյեկտը ՊԵԿ-ին համապատասխան հաստատված ձևով հաշվետվություն է ներկայացնում վարձու աշխատողների եկամտի չափի, պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի և անաշխատունակության' բյուլետենի գումարի վերաբերյալ: Այնուհետև ՊԵԿ-ը հաշվետվություններից դուրս բերելով պետությունից փոխհատուցման ենթակա բյուլետենի և պետությանը վճարման ենթակա եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը' այն ներկայացնում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայություն: ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը, ՊԵԿ-ից ստանալով պետությունից փոխհատուցման ենթակա բյուլետենի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը, նշված գումարի չափով ՀՀ պետական բյուջեի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» և «Հղիության և ծննդաբերության նպաստ» ծրագրերով կատարում է վճարում:

 

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում և Պետական եկամուտների կոմիտեում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ՊԵԿ-ի կողմից խախտվել են ՀՀ կառավարության 14.07.2011թ. թիվ 1024-Ն որոշմամբ հաստատված Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգի պահանջները և Սոցիալական ծառայությանը ներկայացրած գումարների վճարման հայտերում ՀՀ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարված նպաստների գումարները: Արդյունքում 2013թ. հունվար–հունիս ամիսների համար կոմիտեի կողմից ծառայությանը ներկայացված «Հղիության և ծննդաբերության նպաստ» և «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրերով փոխհատուցման ենթակա գումարներն ավելի է ներկայացվել 584.7 մլն. դրամով:

 

Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են իրականացվել ՊԵԿ-ի 19 հարկային տեսչություններում, որոնց արդյունքում բացահայտվել են դեպքեր, երբ.

 

գործատուն վարձու աշխատողին աշխատանքի է ընդունել հղիության 6-րդ ամսին, աշխատողը ընդամենը մեկ ամիս աշխատելուց հետո նեկայացրել է Ժամանակավոր անաշխատունակության թերթիկ' բյուլետեն և այլևս չի գնացել աշխատանքի' արդյունքում պետությունից ստանալով 150 կամ 220 հազար դրամից ավել նպաստի գումար:

 

նպաստառուն աշխատել է համատեղության կարգով 2 իրար հետ փոխկապակցված տնտեսվարող կազմակերպություններում, ընդ որում 1-ինում նա աշխատել է օրվա ժամը 9:30-ից մինչև 18:30-ը, իսկ երկրորդում' 17:30-ից մինչև 21:30-ը: 1-ին կազմակերպությունից նա ստացել է կազմակերպության աշխատակիցների միջին ամսական եկամտից 1.6 անգամ ավել եկամուտ, իսկ 2-րդ-ից' 2.3 անգամ ավել եկամուտ: Այս պայմաններում վարձու աշխատողը նեկայացրել է Ժամանակավոր անաշխատունակության' հղիության թերթիկ և 2 կազմակերպություններում համատեղելու արդյունքում հաշվարկվել և նրան վճարվել է 2 մլն 565 հազար դրամի նպաստ (1-ից' 1 մլն 139 հազար դրամի, 2-րդից' 1 մլն 426 հազար դրամի):

 

անձը աշխատանքի ընդունվելուց հետո 1-ին տարվա ընթացքում 65 հազ. դրամից ավել ամսական եկամուտ չի ունեցել, հաջորդ տարվա մեջ նրա ամսական աշխատավարձը լրավճարների հետ չի գերազանցել 174.6 հազ. դրամը, սակայն նա այդ տարի ստացել է 2 մլն 835 հազար դրամ պարգևատրում (4 կեսից բաղկացած) և արդյունքում նրա հղիության նպաստի գումարը կազմել է կլորիկ թիվ' 2 մլն 32 հազար դրամ: Ավելին՝ այս նույն անձը համատեղության կարգով աշխատել է այլ կազմակերպությունում, ստացել է 303.5 հազար դրամ: Այս կազմակերպությունից նրան վճարվել է պետության հաշվին 1 մլն 237 հազար դրամ հղիության նպաստ: Պարզվել է նաև, որ նրան փոխարինող անձի համար սահմանվել է 187.5 հազար դրամ աշխատավարձ:

 

Ավելի քան 170 գործատու 2013թ հունվար-մայիս ամիսներին «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրով' գործատուի միջոցների հաշվին վճարման ենթակա նպաստի գումարները ներկայացրել է որպես ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա նպաստների գումար:

 

Վերոգրյալ փաստերը լրացուցիչ քննության ենթարկելու նպատակով ուսումնասիրությունների նյութերը' բաղկացած 338 թերթից, ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

 

Նախորդ տարի իրականացվել են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից շինարարության համար միջոցների հատկացման և ծախսման ճշտության ընտրանքային ստուգումներ, մասնավորապես Արարատի, Կոտայքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Արձանագրվել են նախագծանախահաշվային փաստաթղթերում աշխատանքների ծավալների, նյութերի գների, աշխատավարձի և մեքենա-մեխանիզմների միավոր արժեքների տվյալների ոչ ճիշտ կիրառման միջոցով նախահաշիվների ուռճացման և արդյունքում սահմանված գործող գներով շինարարական աշխատանքների արժեքից ավել գներով պայմնագրերի կնքման, կատարողական ակտերով ավել գումարների վճարման, փաստացի չկատարված (սակայն դրանց դիմաց վճարված) աշխատանքների փաստեր, գործող մի շարք իրավական ակտերով սահմանված պահանջների ընդհանուր ավելի քան 140 մլն. դրամի խախտումներ:

 

Արարատի մարզպետարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, հարուցվել է քրեական գործ:

 

Իրականացնել են ՀՀ կառավարության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար մատչելի գներով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի կատարման ընթացքի ուսումնասիրություններ (ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի մարզերում): Ստուգումների արդյունքները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացված հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել են պատասխանատու պաշտոնատար անձինք, որոնց վերաբերյալ քրեական գործերն անջատվել և մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան:

 

Այսպիսով, 4 մարզերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված փաստերի հիմքով այս պահի դրությամբ վերականգնվել է շուրջ 200.0 մլն դրամ գումար (այդ թվում' ՀՀ Արարատի մարզի գծով 101.0 մլն դրամ, Գեղարքունիքի գծով' 70 մլն դրամ):

 

2013թ-ին տարեկան ծրագրով ստուգումներ են կատարվել արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության և գիտության նախարարություններում, դրանց ենթակա որոշ կազմակերպություններում, ՊԵԿ-ի Վանաձորի և Նոր Նորքի հարկային տեսչություններում, Արարատյան տարածաշրջանային մաքսատանը, Լոռու և Գեղարքունիքի մարզերում (մարզպետարաններում, քաղաքային համայնքներում, բժշկական կենտրոններում): Նախարարությունների և ենթակա կազմակերպությունների գծով ստուգումների արդյունքում արձանագրվել են շուրջ 444 մլն դրամի խախտումներ, թերություններ,ոչ նպատակային կամ անարդյունավետ ծախսեր:

 

ՊԵԿ-ի հարկային տեսչություններում ուսումնասիրվել են հարկ վճարողների գործեր (առանց հարկ վճարողի մոտ ստուգում իրականացնելու) և արձանագրվել են «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների պահանջների չապահովման, ինչպես նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներով եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի սահմանված պատժամիջոցների ոչ ճիշտ կիրառման խախտումներ, որոնք հիմնականում հետևանք են' հարկային մարմինների լիազորությունների ոճ պատշաճ մակարդակով իրականացման: Հարկային տեսչություններում հարկ վճարողների գծով ուսումնասիրությունների արդյունքներով ձևավորվել է 600 մլն դրամից ավել լրացուցիչ հարկային պարտավորությունների գանձման խնդիր:

 

Մարզպետարաններում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են ընդհանուր 94.2 մլն դրամ գումարով այսպիսի փաստեր.

 

2013թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 6 գործեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնցից, ըստ ստացված հաղորդագրությունների, արդեն իսկ 5-ի գծով հարուցվել են քրեական գործեր, պատասխանատու պաշտոնատար անձանց առաջադրվել են մեղադրանքներ: