Մեծ արձագանք է ունեցել այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությունը, ըստ որի վերջինս ասում էր.

 

«Իմ կարծիքով, սահմանադրական բարեփոխումները խիստ դիտարժան և հետաքրքիր հնարավորություն են ընձեռում նաև արտաքին քաղաքական դաշտում:

 

«Մասնավորապես, ես առաջարկում եմ քննարկել մեր պետության վերանվանման հարցը, պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից:

 

«Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն:

 

«Այս առաջարկս հնչեցրել եմ դեռևս 2005 թվականին Ազգային Ժողովում, կրկին Սահմնադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում:

 

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է:

 

«Շնորհակալ կլինեմ կարծիքների համար»:

 

Արմեն Աշոտյանից առաջ, 1990թ. օգոստոսին, երբ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդում քննարկվում էր Հայաստանի անկախության մասին հռչակագրի բովանդակությունը, այն ժամանակ պատգամավոր Սեյրան Բաղդասարյանն այդ հարցը բարձրացրեց նույն հիմնավորումով։ Այն ժամանակվա ԳԽ մեծամասնությունը մերժեց այդ առաջարկը. Արդյունքում՝ ունենք 1990թ. օգոստոսի 23-ին որդեգրված Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։ Այդ հռչակագիրը հիմքն է հանդիսանում ՀՀ Սահմանադրության. ՀՀ Սահմանադրությունը կարելի է բարեփոխել, Անկախության մասին հռչակագիրը՝ ոչ։

 

Անկախության մասին հռչակագիրն ասում է. «[…] գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, […] զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, […] 1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ' Հայաստան»:

 

Այսպիսով, անկախ պետականության հաստատան գործընթացի սկիզբը հռչակած Հայաստանի Հանրապետությունը հանձնաէ առել «համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում» «իր պատասխանատվությունը»։

 

Հետեւաբար, պրն Աշոտյանի առաջարկը կարող է ենթադրել ու մեկնաբանվել, որպես այդ պատասխանատվությունից՝ Հայաստանի Հանրապետության խուսափում։ Եթե պրն Աշոտյանի նպատակը «պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության» հարցերն են, ապա մինչեւ Սահմանադրական բարեփոխումները, դա կարելի է դրսեւորել Հայաստան-Թուրքիա արձանագրություններից ՀՀ կողմից ստորագրությունները հետ կանչելով, Հայաստան-Թուրքիա սահմանի մասին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը հռչակելով որպես ՀՀ-Թուրքիա իրավական սահման. այդ վճռի իրագործումը դարձնելով պետական նպատակ, եւայլն։ Իսկ սահմանադրական բարեփոխումներում, կարելի է Սահմանադրության ներածական պարբերությունում կատարել հետեւյալ հավելումը (թավով գրված). «ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, իբրեւ իրավաժառանգորդը 1918 մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետության՝ վերականգնելու համար 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռով ճշտված իր տարածքային ամբողջականությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

 

Պետության անվանափոխությամբ «պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության» կեցվածք դրսեվորելու մոտեցումը ժամանակավրեպ է. հատկապես՝ երբ առկա է նաեւ պատմական Արեւելյան Հայաստանին մաս կազմած Արցախի անկախ Հանրապետությունը։

 

Նմանապես ժամանակավրեպ է «Արեւմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպելը։ Այս ամբողջի մասին ավելի ծավալուն՝ շուտով։