Հայաստանի տարածքում ռուսաց լեզվի առաջխաղացման համար ստեղծված են լավագույն պայմանները, և մենք կարիք չունենք լեզվական օրենսդրության փոփոխության: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը' ի պատասխան «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի այն հայտարարությանը, որի համաձայն' Հայաստանում պետք է ավելացնել ռուսական դպրոցների թիվը և լեզվական օրենսդրության մեջ փոփոխություն կատարել, այլապես դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա: Աշոտյանը նշեց, որ ի տարբերություն մյուս լեզուների, որոնք դասավանդվում են 3-րդ դասարանից, ռուսաց լեզուն Հայաստանում դասավանդվում է 2-րդ դասարանից: «Լեզվական օրենսդրության փոփոխության կարիք մենք չունենք: Հայաստանում թույլատրված են միջազգային կրթական ծրագրեր իրակացնել ավագ դպրոցներում, և այդ օրենքի համաձայն հնարավուրություն կա ունենալ 4 անգլախոս, 4 ռուսախոս կամ 4 ֆրանսախոս դպրոց Հայաստանում: Ուզում եմ ասել, որ ռուս գործընկերները մինչ այժմ չեն օգտվել օրենքի այդ քվոտայից, ի տարբերություն այլ երկրներից մեր միջազգային գործընկերների, որոնք արդեն հավատարմագրել են երկու անգլաեզու կրթական ծրագրեր»,- ասաց ԿԳ նախարարը:
Նա շեշտեց, որ ռազմաքաղաքական դաշինքի պարագայում ռուսական զենքերից օգտվելու համար պայման է ռուսաց լեզվին տիրապետելը: Պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե այդ պարագայում ինչպես են ռուսական զենքերից օգտվելու, օրինակ, Եգիպտոսում, որը վերջերս ձեռք բերեց ռուսական զենքեր, սակայն այնտեղ ռուսերենը պարտադիր լեզու չէ, Աշոտյանն ասաց, որ հայկական բանակը, ի տարբերություն Եգիպտոսի, ավանդաբար զենքեր է ձեռք բերում Ռուսաստանից: Ապա նա ավելացրեց, թե պարտադիր չէ, որ իր տեսակետը համընկնի այլոց տեսակետների հետ:
«Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հունիսի 11-ին, հյուրընկալվելով Հայաստանի Ազգային ժողովում, հայտարարել է, որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա, և Հայաստանի անվտանգությունը կտուժի: