Հայաստանում 2-րդ Նախագահ-վարչապետ-Կառավարություն «հարցուպատասխանը» Լեռնային Ղարաբաղում էլ է դարձել հանրային քննարկման առարկա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ Նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

«Այստեղ նույնպես տարբեր մարդիկ հետևում են, ընդհանուր առմամբ' որպես տեղեկատվական հոսքերից մեկը: Տեղյակ են, թե ինչ է կատարվում»,-ասաց Լեռնային Ղարաբաղի Նախագահի խոսնակը:

 

Հիշեցնենք, որ ԼՂ ընդդիմադիր «Ազգային Վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանն ի պատասխան Tert.am-ի հարցի, թե' ի՞նչ արձագանք ունի Ղարաբաղում նշված «հարցուպատասխանը», և ո՞ր կողմին են պաշտպանում ԼՂ իշխանությունները, կարծիք հայտնեց, որ իշխանական տարբեր օղակներ կփորձեն ուշադիր հետևել ընթացող գործընթացներին, սակայն չեն խառնվի դրան։ Այնուհանդերձ, նա հավելեց, որ «Արցախի իշխանությունները, բնականաբար, կպաշտպանեն ՀՀ գործող իշխանություններին»։

 

Հարցադրմանը, թե' նկատի ունենալով, որ մի շարք վերլուծաբանների կարծիքով' իրականում սա ղարաբաղյան ծագում ունեցող և Ղարաբաղում մեծագույն ազդեցության լծակների տիրապետող երկու անձանց՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի բանավեճն է, ԼՂ իշխանական օղակներում ու՞մ են պաշտպանում, Դավիթ Բաբայանը պատասխանեց.«Ճիշտ չէ, որ մենք որակենք, թե Նախագահը ղարաբաղցի է, և Ղարաբաղում պետք է հատուկ վերաբերմունք լինի այս կամ այն անձի նկատմամբ»:

 

Ըստ Դավիթ Բաբայանի' ավելին, պետք է հրաժարվել այս «փիլիսոփայությունից», քանի որ մենք ֆաշիստական երկիր չենք:

 

«Կա Հայաստան, կա հայություն, անկախ նրանից՝ ով որտեղից է: Մարդուն պետք է դատել ո´չ թե իր ծագումով, այլ' իր գործերով, մտածելակերպով, անցած ուղով, և այլն»,-ասաց Դավիթ Բաբայանը և ավելացրեց.«Այս տեսանկյունից պետք է հրաժարվենք օտարների կողմից մեր մեջ ներմուծված «ղարաբաղցի, գորիսեցի, թալինցի» և բոլոր նման կարծրատիպերից»:

 

Իսկ պատասխանների և արձագանքների մասին Դավիթ Բաբայանն ասաց. «Տարբեր տիպի մտքերի փոխանակումն անհրաժեշտ է. ինչու՞ ոչ, քննադատություն, բայց ամեն ինչ պետք է լինի չափի սահմանում՝ փոխադարձ հարգանքի ու կոռեկտության շրջանակում»: