ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, ով նոր է սկսում դիվանագիտական գործունեությունը Հայաստանում:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության համակարգում հայ-իտալական համագործակցության առանցքային հարցերը և հեռանկարները:

 

Դերենիկ Դումանյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ կողմերի միջև ակտիվ համագործակցությունը կշարունակվի:

 

«Վերջին շրջանում Հայաստանի և Իտալիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցությունն առանձնանում է ակտիվությամբ, ինչն ավելի է ամրապնդվում երկու ժողովուրդների միջև եղած բարեկամության շնորհիվ»,-նշեց նախարարը' ընդգծելով, որ այդ համագործակցության շրջանակներում դեռ բազում ծրագրեր պետք է կյանքի կոչվեն:

 

Դերենիկ Դումանյանը մեծապես կարևորեց համագործակցությունը բժիշկների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, միջհիվանդանոցային ուղղակի կապերի հաստատման, փորձի փոխանակման, ինչպես նաև երկու երկրների ազգային ինստիտուտների միջև հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ:

 

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին պատրաստակամություն հայտնեց պահպանել երկկողմ հարաբերությունների այն բարձր հարթակը, որ ձևավորվել է Հայաստանի և Իտալիայի առողջապահական համակարգերի միջև:

 

Նշենք, որ դեռևս 2013թ. հունվարին, այնուհետև ապրիլին Հայաստան ժամանած իտալական մի շարք առաջատար բժշկական կենտրոնների սրտային վիրաբույժներից կազմված պատվիրակությունը այցելեց Երևանի և մարզերի մի քանի բժշկական հաստատություններ, համալսարանական հիվանդանոցներ: Խումբն ուսումնասիրեց սրտային վիրաբուժության ոլորտում մեր երկրի կարողությունները, ծանոթացավ առկա խնդիրներին, հայ մասնագետների հետ քննարկեց համագործակցություն ծավալելու առավել նպատակահարմար տարբերակները: