Հոկտեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Գուրբաննազար Նազարովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ դեսպան Նազարովը զգալի ներդրում կունենա հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
Նախարար Նալբանդյանն ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Թուրքմենստանի հետ համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը՝ ասաց, որ անցած տարի Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի պաշտոնական այցելությունը Հայաստան նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերություններին, և գոհունակությամբ շեշտեց, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նազարովը վստահեցրեց, որ կանի առավելագույնը բարեկամ Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության շարունակական առաջընթացն ապահովվելու համար։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադրաձան հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի Աշգաբադում վերջերս կայացած նիստին, և երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացմանը։