ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Գուրբաննազար Նազարովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ դեսպան Նազարովը զգալի ներդրում կունենա հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
Նախարարն ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Թուրքմենստանի հետ համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը՝ ասաց, որ անցած տարի Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցելությունը Հայաստան նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերություններին, և գոհունակությամբ շեշտել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նազարովը վստահեցրել է, որ կանի առավելագույնը բարեկամ Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության շարունակական առաջընթացն ապահովվելու համար։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի Աշգաբադում վերջերս կայացած նիստին, և երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացմանը։