Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենին (նստավայրը' Մոսկվա):

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, շնորհավոր ելով դեսպանին' Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ վերջինիս գործունեության շնորհիվ երկու երկրների հարաբերությունները և գործակցությունն ավելիով կզարգանան և կարգասավորվեն: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է փաստել նաև երկու ժողովուրդների բարեկամական ամուր կապերը' խարսխված ընդհանուր քրիստոնեական արժեքների վրա' նշելով, որ դրանց զորացման մեջ մեծ դերակատարություն ունի Սլովակիայի հայկական համայնքը:

 

 

Հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսը հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող մշտական հոգածության համար իր շնորհակալությունն է հայտնել երկրի իշխանություններին: Նորին Սրբությունը գնահատանքով է ընդգծել նաև այն զորակցությունը, որ Կաթոլիկ եկեղեցու կողմից բերվում է Հայոց եկեղեցուն Սլովակիայում հայորդիների հոգևոր կյանքի կազմակերպման գործում:

 

 

Այնուհետև Սլովակիայի նորանշանակ դեսպանը նույնպես ուրախություն է հայտնել հանդիպման կապակցությամբ' վստահեցնելով, որ իր դիվանագիտական գործունեության շրջանակներում պիտի նպաստի տարբեր ոլորտներում հայ-սլովակյան կապերի ամրապնդմանը:

 

 

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀՀ-ում Սլովակիայի դեսպանն անդրադարձել են նաև երկու երկրների առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

 

 

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: