ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին' նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստան ձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությունը կունենա իր արժանի շարունակությունը, ստանալով նոր լիցքեր:
Անդրադարնալով նախորդ տարիների համագործակցությանը' նախարարը գոհունակությամբ նշել է, որ այն ընթացել է բարձր մակարդակի վրա՝ ընդգրկելով մշակույթի գրեթե բոլոր ոլորտները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ֆրանսիական կինոյի ներկայացմանը, գրական-թարգմանական ծրագրերի, Հայաստանում Թանգարանային գիշեր ակցիայի, Երաժշտության տոնի, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում բազմաթիվ միջոցառումների իրականացմանը:
Այնուհետև նախարար Պողոսյանը դեսպանին հակիրճ ներկայացրել է Հայաստանում արդեն ավանդական դարձած «Գրական տապան» ծրագրի մասին, որին մասնակցել են ֆրանսիացի գրողներ Սերժ Վենտուրինին (2011թ., 2014 թ.), Անտուան Սիմոնը (2013թ.), Ժիլ Ղոզիեն (2014 թ.), ովքեր նախագծի ավարտից հետո իրենց ստեղծագործություններով անդրադարձել են Հայաստանին: Հասմիկ Պողոսյանն առաջարկել է այս համագործակցությունը ևս դարձնել շարունակական: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության այլ հարցեր, ինչպես նաև առաջիկայում երկու երկրներում նախանշվող տարբեր մշակութային ծրագրերի ձևաչափեր:
Հանդիպման ավարտին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին շնորհակալություն է հայտնել նախարար Հասմիկ Պողոսյանին ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար, հավելելով, որ միաժամանակ ուրախացել և հպարտացել է իր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում ծավալելու համար, որը ամբողջովին ուղղված է հայ-ֆրանսիական առկա հարաբերությունների հարստացմանը: