ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Կարեն Գրիգորյանին:

 

Նշանակման երկիր մեկնելուց առաջ վերջինս այս հանդիպմամբ ցանկանում էր որոշակիացնել հետագա համագործակցության ընդլայնումը՝ հայ-իրաքյան միջպետական կապերի շրջանակներում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առավել իրատեսական ուղղությունների մասով: Շնորհավորելով դեսպանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Իրաքի գյուղատնտեսության նախարարությունների միջև առկա կապերը և նշել, որ ոլորտը ունի զարգացման և ընդլայնման մեծ ներուժ:

 

Նախարարը մասնավորապես առանձնացրել է Հայաստանից Իրաք ոչխարի միս, թարմ պտուղ-բանջարեղեն, կարտոֆիլ, հանքային և խմելու ջրեր, բնական հյութեր և բանջարեղենային պահածոներ արտահանելու հնարավորությունը: Դեսպան Կարեն Գրիգորյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ներկայացված տեղեկատվության համար, պատրաստակամություն է հայտնել իրաքյան կողմի հետ տեղում առավել մանրամասնորեն քննարկել հիշատակված ոլորտներում համագործակցության իրականացման հնարավորությունը, բարենպաստ պայմաններ ստեղծելով արտահանումների ապահովման համար: