Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

 

 

Օմբուդսմենը շնորհավորել է պարոն Միլսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

 

 

Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են Օմբուդսմենի գրասենյակի և ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության օրակարգին և առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

 

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով մարդու կյանքի իրավունքին սպառնացող վտանգի առկայությանը և տարածաշրջանում իրավիճակի լարվածության սրացմանը, խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող դիվերսիաների ու սադրանքների առնչությամբ և ևս մեկ անգամ կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

 

 

Դեսպանը, կարևորելով Պաշտպան Կարեն Անդրեասյանի և նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, իր հերթին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում շարունակելու է ջանքեր ներդնել Օմբուդսմենի գրասենյակի և ԱՄՆ դեսպանության միջև արդեն իսկ ձևավորված գործընկերային և սերտ հարաբերությունների ամրապնդման գործում: