ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-ին ընդունել է Ճապոնիայի արտգործնախարարի խորհրդարանական տեղակալ Մանաբու Հորիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին' արտգործնախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Ճապոնիայի հետ վերընթաց զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ պարբերական բարձրաստիճան շփումները նոր լիցք են հաղորդում հայ-ճապոնական բարեկամական փոխգործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալը նշել է, որ այս հանդիպումը լավ առիթ է քննարկելու երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության առավել ընդլայնման և զարգացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը:
Երկուստեք կարևորվել է Երևանում և Տոկիոյում դեսպանությունների հիմնումն ու դրանց նշանակալի ավանդը տարբեր բանագավառներում հայ-ճապոնական զարգացման գործում: Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման նպատակով Ճապոնիայի կողմից տրամադրվող շարունակական աջակցության համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգային հարցերին, մտքեր են փոխանակվել քաղաքական երկխոսության, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության, առևտրատնտնեսական կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մշակութային փոխանակումների խրախուսման վերաբերյալ:
Ընդգծելով միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ այս ձևաչափով ևս ծավալվել է արդյունավետ համագործակցություն, որն իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
Հայաստանի ԱԳ նախարարն ու Ճապոնիայի փոխարտգործնախարարը մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային խնդիրների շուրջ։