ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 9-ին ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրին' արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները։ Նա հավալեց, որ բարձրաստիճան շփումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության օրակարգային հարցերը, փոխգործակցության առավել խորացման ու զարգացման հեռանկարները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նշեց, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և հետաքրքրված է տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնմամբ։ «Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով: Մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35%-ով, և մենք շարունակում ենք ամերիկյան նոր և մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում», շեշտեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։
Հանդիպանը մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ գործադրվող ջանքերը: Արտգործնախարարը հավելեց, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններում ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքը խաթարում է գործընթացը և թույլ չի տալիս առաջընթաց արձանագրել:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր գնահատեց խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։