ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 30-ին ընդունել է Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարտզա Ազուրտզային' Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենզո Օչոայի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին' նախարար Նալբանդյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը:

 

Էդվարդ Նալբանդյանը ողջունել է իսպանացի սենատորի այցն Արցախ' նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տեղում առկա իրավիճակին:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար' սենատոր Ազուրտզան ընդգծել է, որ իր համար շատ կարևոր էր այցելել Հայաստան և Արցախ ու վստահեցրել, որ շարունակելու է իր գործունեությունն' ուղղված հայ-իսպանական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

 

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

 

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան և Եվրոպական միության համագործակցության շուրջ: