ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենին՝ առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլումի, փոխքաղաքապետ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Դոմինիկ Վլաստոյի, փոխքաղաքապետեր Մարի-Լուիզ Լոտայի և Դիդիե Պարաքյանի, Մարսելի 13¬-14 շրջանների թաղապետ Կարո Հովսեփյանի, քաղաքապետարանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ։

 

Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի նկատմամբ, որը պայմանավորված է երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական ամուր կապերով և այսօր գոյություն ունեցող սերտ միջպետական համագործակցությամբ:

 

ՀՀ ատրգործնախարարը կարևորել է հայ-ֆրանսիական բազմաբովանդակ համագործակցության զարգացումը' մասնավորապես ընդգծելով քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, ապակենտրոնացված փոխգործակցության ոլորտներում նշանակալի ձեռքբերումները:

 

Կողմերն անդրադարձել են տասը օր առաջ Վալանսում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի արդյունքներին' նշելով, որ նման միջոցառումների պարբերականությունը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին:
Զրուցակիցները կարևորել են նաև միջպետական հարաբերությունների զարգացման գործում ֆրանսահայ համայնքի կարևոր ներդրումը: Այս կապակցությամբ Ժան-Կլոդ Գոդենը ընդգծեց ֆրանսահայերի դերը Ֆրանսիայի և Մարսելի զարգացման գործում:

 

Էդվարդ Նալբանդյանն ու Ժան-Կլոդ Գոդենը, գոհունակություն են հայտնել Երևանի և Մարսելի միջև ակտիվ համագործակցության կապակցությամբ և ընդգծել, որ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը մեծապես նպաստում է ամենատարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնմանը և կապերի խորացմանը: