Փաստաբանները ծանոթացել են Ռուսաստանի Նոր Մոսկվայում վթարի պատճառով 18 մարդու մահվան համար մեղադրվող Հրաչյա Հարությունյանի գործի նյութերին և պետք է ուղարկեն վերջնական տարբերակը նախաքննական մարմնին, որպեսզի դա ներկայացվի դատախազություն և համապատասխան ձևով ուղարկվի դատարան։

 

Այս մասին TESADASHT.am֊-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ֊ի խորհրդական Երանուհի Թումանյանը։ Նրա խոսքով՝ լինելու է երկու դատ․ մեկը հիմնականը' ավտովթարի գործով, իսկ մյուսը՝ Հրաչյա Հարությունյանի փաստաբանն առանձին դատարան է դիմել կապված Հրաչյա Հարությունյանին խալաթ հագցնելու և արժանապատվությունը նվաստացնելու համար։

 

«Դատական նիստը, կապված խալաթի' արժանապատվությունը նվաստացնող դեպքի հետ, հունվարին պետք է լիներ, բայց հետաձգվել է, քանի որ քննիչը չի ներկայացրել համապատասխան անհրաժեշտ նյութերը դատարան։ Սպասում են քննիչի կողմից նյութերի ներկայացմանը»,֊նշեց Երանուհի Հարությունյանը։

 

Խոսեցինք նաև Հրաչյա Հարությունյանի դստեր՝ Լիլիթ Հարությունյանի հետ, ով ասաց, որ դեռևս ոչ մի նորություն չունեն։ Իսկ այն հարցին, թե հնարավոր է իրենք գնան Մոսկվա, որտեղ կթույլատրվի Հրաչյա Հարությունյանին այցելել, Լիլիթը պատասխանեց․ «Դեռևս նման խոսակցություն չկա։ Չեմ կարող ասել»։