Հունվարի 24-ին լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակը: Տարին հոբելյանական էր, թվում էր, թե կառավարությունը ջանք չի խնայի՝ բանաստեղծի տարեդարձը հավուր պատշաճի նշելու համար, սակայն տարաբնույթ համերգների վրա միլիոններ մսխող Տիգրան Սարգսյանի կաբինետը ոչ մի քայլ չձեռնարկեց՝ չափազանց կարևոր միջոցառումը կազմակերպելու համար: Մեծ բանաստեղծի հոբելյանը նշանավորվեց «32 ատամ» ակումբի տղաների կողմից հիմնադրված «32 թատրոնի» բեմադրած «Պարույր Սևակ» ներկայացմամբ և նույն թիմի կողմից նկարահանվող «Հայադարան» ծրագրի՝ Սևակին նվիրված թողարկման ցուցադրությամբ:


Անշուշտ, տղաների ջանքերը՝ արդիական լուծումներով հանրությանը ներկայացնել Պարույր Սևակին և նրա պոեզիան՝ չափազանց կարևոր է և ողջունելի: Կարծում եմ, որ այն ինչ արվել է նրանց կողմից՝ պետք է գտնվեր պետական բարձր հովանու ներքո, ոչ թե պետությունը նրանց ուսերին թողներ այդ ծանր բեռը: Մեր ժամանակներում, իսկապես, սխրանք է թվում, երբ պետության բացարձակ անտարբերության պայմաններում մի խումբ ռոմանտիկներ կարողանում են քարոզել գեղեցիկ պոեզիա՝ այդ ամենը անելով բարձր մակարդակով:

 

Իսկ ուր է նայում պետությունը: Այն պարագայում, երբ մեր թշնամիները սրա-նրա թերմացքով փորձում են սեփական մշակույթ ձևավորել, մեր կառավարությունը լուռ անտարբերությամբ չտեսնելու է տալիս մեր մշակույթի հիմնասյուներից մեկի հոբելյանը: Համոզված եմ, որ եթե շոու բիզնեսի նոմենկլատուրային ճնճղուկներից մեկը որոշեր իր բաղաձայնը սփռեր իշխանությունների բարձր հովանու ներքո՝ կստանար բարձր պետական աջակցություն՝ հսկայական ֆինանսական միջոցներն էլ վրադիր: Որովհետև այդ նույն ճնճղուկները տարաբնույթ ընտրությունների ժամանակ կնետվեն լիակատար դարձնելու իշխանությունների ընտրություններ-շոուն, իսկ հերթական կեղծված ընտրություններից հետո ամեն ինչ կպատռեն՝ հետընտրական ցանկացած, անգամ արյունոտ սցենար «տակով անելու» համար...

 

Դեռ թարմ են այն հուզիչ հիշողությունները, թե ինչպես քթերը առ բարձրյալը մաքսիմալ ցցած համապետական «աստղերը» վայելեցին վարչապետի որոշմամբ փոշիացված միլիոնները և վերջում «մունաթ եկան», որ քիչ են վճարվել և, մեծ հաշվով, բոլորս իրենց պարտք ենք: 

 

Ահա այսպիսի կառավարական վերաբերմունք մշակութային ոլոլոլորտին...

 

Վարուժան Բաբաջանյան