Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ հանդիպում է ունեցել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ։ Այս մասին հայտնում է Radikal-ը:

 

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հանդիպումը, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի և Հրանտ Դինքի այրու և եղբոր՝ Օրհան Դինքի հետ, լրատվամիջոցների համար փակ է եղել։ Հանդիպումը տևել է մոտ կես ժամ։

 

Ըստ աղբյուրի՝ Հայոց ցեղասպանության թեման չի քննարկվել: Հանդիպման ավարտից հետո, Օրհան Դինքը լրագրողներին ասել է, որ հասարակությանը հետաքրքրող որևէ լուրջ հարց չի քննարկվել։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ընդունել շուրջ 1 դար առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի կոտորածը և ընդգծել, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը պետք է կիրառել:

 

Գյուլն էլ իր հերթին հայտարարել է, թե փաստաթուղթը բացասաբար է անդրադարձել Փարիզի և Անկարայի հարաբերությունների վրա և երկու երկրների հարաբերությունները վերակարգավորելու համար Թուրքիան պատրաստ է բացել իր արխիվները հանրության առաջ: