Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 31-ի դրությամբ նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձրացել է 6 սանտիմետրով և կազմել ծովի մակերևույթից բարձր 1900.16 մետր:

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Սևանի մակարդակը դեկտեմբերի ընթացքում բարձրացել է 1 սմ-ով: Գործող օրենքով Սևանա լճից ջրի բացթողման առավելագույն չափաքանակը տարեկան 170 միլիոն խորանարդ մետր է, սակայն ՀՀ կառավարությունն այդ ցուցանիշը ծրագրում է բարձրացնել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի. այդ մասին օրենքի նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության հունվարի 30-ի նիստին:

 

Սևանն աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ ամենաբարձրադիր լիճն է (առաջինը' Հարավային Ամերիկայի Տիտիկակա լիճն է)։ Սևանը նախկինում գտնվել է ծովի մակերևույթից 1916 մետր բարձրության վրա, մակերեսը 1240 քառակուսի կմ էր, խորությունը' մինչև 83 մ։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ, որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0.8 խոր. կմ է, իսկ լճից սկիզբ առնող միակ գետի' Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0.7 խոր. կմ է:

 

Խորհրդային տարիներին էներգետիկ նպատակներով լճից մեծ քանակով ջրի բացթողումը խախտել էր լճի կենսաբանական հավասարակշռությունը՝ ճահճացման վտանգ ստեղծելով: