Որոտանի ՀԷԿ-երի համալիրը վաճառվել է այնտեղ կապիտալ ներդրումների իրականացման համար: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին: «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը տարեկան ընդամենը 1.5 միլիոն դոլարի շահույթ ուներ, իսկ այդ գումարով հնարավոր չէր այնտեղ լայնածավալ ներդրումներ իրականացնել»,-նշեց նա:

 

Նախարարի խոսքով՝ Որոտանի ՀԷԿ-երի համալիրը շահագործվում է արդեն 40 տարի, ինչը բավական մեծ ժամկետ է նման խոշոր հզորությունների համար, որտեղ նոր սարքավորումներ են անհրաժեշտ:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև հունվարի 29-ին ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են՝ Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:

 

Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Գարի Լիվսլին գոհունակություն են հայտնել գործարքի առնչությամբ և կարևորել առաջիկայում նախատեսվող ներդրումային ծրագրերը: Ընկերությունը մոտակա 25 տարվա ընթացքում կապահովի Որոտանի ՀԷԿ-երի համալիր անխափան և շարունակական շահագործումը: