Թուրքիայի նախարարների կաբինետին ոչ պաշտոնապես կից, երկրի հեղինակավոր «ուղեղային կենտրոններից» մեկը ճանաչված Քաղաքական, տնտեսական, հասարակական հետազոտությունների հիմնադրամը (SETA) ստացած գաղտնի հանձնարարության հիման վրա տեղեկություններ է հավաքում Ադրբեջանի նախագահի, քաղաքական իշխանության եւ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է veteninfo.az լրատվական կայքը` հղում կատարելով սեփական աղբյուրին:
Ըստ կայքի' հիմնադրամը մեծ չափի ֆինանսական միջոցներ է ստացել Ադրբեջանին «սեւացնող տեղեկություններ» հավաքելու նպատակով այդ ուղղությամբ գործող հետազոտողների հետ ինտենսիվ աշխատանքներ կատարելու համար: Նշվում է, որ աշխատանքներին ներգրավվել են նույնիսկ Թուրքիայում կրթություն ստացած եւ ըննդիմադիր որոշ ադրբեջանցիներ:
SETA-ն իր գործունեությունը հստակեցնում է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայիս եւ կանխատեսած նախապատվությունների հիման վրա: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ում եւս գրասենյակ ունեցող SETA-ն ներկայում հիմնականում Մերձավոր Արեւելքի հետ կապված հետազոտություններ է կատարում: «Ուղեղային կենտրոնի» «Ով ով է» վերնագրված զեկույցներում հանրությանն անհայտ տվյալներ եւ տեղեկություններ են հրապարակվում տարբեր երկրների, դրանց իշխանության մեջ ֆինանսական խմբերի, պաշտոնյաների մասին:
«Նախկինում SETA-ն չէր հետաքրքրվում Հարավային Կովկասով: Իսկ այժմ այդ կենտրոնը տարածաշրջանում իր «հատուկ վերլուծությունների» համար ընտրել է միայն Ադրբեջանը եւ սկսել միմիայն «աղմկալից» տվյալներ հավաքագրել մեր երկրի մասին»,- նշում է կայքը:
Ադրբեջանական կայքը տարակուսում է, թե ինչու է թուրքական «ուղեղային կենտրոնը» նման վերլուծություններ կատարում միայն Թուրքիայի ղեկավարության կողմից Հարավային Կովկասում «եղբայր պետություն» համարվողծ Ադրբեջանի վերաբերյալ, եւ համոզմունք հայտնում, որ Ադրբեջանի հեղինակությունը «վարկաբեկելու» այդ հետազոտությունը SETA-ն կատարում է «ոչ իր սեփական նախաձեռնությամբ»: